ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Փիթ Հեգսեթը, որը պաշտոնը ստանձնել է հունվարի վերջին, առաջին անգամ ելույթ է ունեցել Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը, որ տեղի է ունեցել փետրվարի 12-ին Բրյուսելում։ Հեգսեթի ելույթի տեսանյութը հրապարակել է Sky News-ը։
Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գլխավոր առաջնահերթություն է համարում ռազմական գործողությունների ավարտը եւ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ խաղաղության հասնելը, իսկ իր գլխավորած գերատեսչությունը կօգնի հասնելու այդ նպատակին։
«Մենք վերջ կդնենք այս ավերիչ պատերազմին եւ կայուն խաղաղություն կհաստատենք՝ մեր դաշնակիցների ուժը համադրելով ռազմի դաշտում տիրող իրավիճակի իրատեսական գնահատականի հետ։ Մենք, ինչպես եւ դուք, ցանկանում ենք ինքնիշխան եւ բարգավաճ Ուկրաինա։ Բայց նախ պետք է ընդունենք, որ վերադարձը Ուկրաինայի մինչեւ 2014 թվականը գոյություն ունեցած սահմաններ, անիրատեսական նպատակ է։ Ուկրաինայի համար տեւական խաղաղությունը պետք է ներառի անվտանգության հուսալի երաշխիքներ, որպեսզի կանխվի պատերազմի վերսկսումը: Սա չպետք է լինի Մինսկ 3»,- ասել է Փիթ Հեգսեթը։
ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաեւ հավելել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը Վաշինգտոնը չի համարում «բանակցությունների միջոցով խնդրի կարգավորման իրատեսական արդյունք», ինչպես դա պնդում է պաշտոնական Կիեւը։
«Փոխարենը, անվտանգության ցանկացած երաշխիք պետք է ապահովեն եվրոպական եւ ոչ եվրոպական մարտունակ ռազմական ուժերը: Եթե այդ զորքերը ցանկացած պահի որպես խաղաղապահ ուղարկվեն Ուկրաինա, ապա դրանք պետք է տեղակայվեն այնպիսի առաքելության շրջանակում, որը կապված չի լինի ՆԱՏՕ-ի հետ, եւ նրանց վրա չպետք է տարածվի 5-րդ հոդվածը»,- ասել է Հեգսեթը։
Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս ասել է, որ մտադիր է ձգտելու Ուկրաինայի ամբողջական ազատագրմանը եւ 1991 թվականի սահմանների վերադարձին։
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Վլադիմիր Զելենսկու «Հաղթանակի ծրագրի» կետերից մեկն էր, որը նա ներկայացրել էր 2024 թվականի աշնանը։ Դեկտեմբերին Reuters-ը, հղում կատարելով աղբյուրներին, գրել էր, որ ՆԱՏՕ-ում «կոնսենսուս» չկա Ուկրաինային դաշինք հրավիրելու վերաբերյալ: Այդ ժամանակ Ուկրաինայի ԱԳՆ-ն էլ հայտարարեց, որ հրաժարվելու է ՆԱՏՕ-ին անդամակցելու այլընտրանքային երաշխիքներից։
Զելենսկին փետրվարին հայտարարել էր, որ եթե Ուկրաինան չմիանա ՆԱՏՕ-ին, ապա միջուկային զենքը կարող է անվտանգության բավարար երաշխիք լինել։