Կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։
Ռուսական կողմից նախագահների հեռախոսազրույցի մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Նախագահ Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քիչ առաջ ավարտեցին հեռախոսազրույցը։ Շատ երկար հեռախոսազրույց էր, տեւեց գրեթե մեկուկես ժամ»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքերով՝ ԱՄՆ նախագահը կողմ է արտահայտվել Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները հնարավորինս արագ դադարեցնելուն եւ խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելուն։ Պուտինն իր հերթին նշել է «հակամարտության բուն պատճառները վերացնելու անհրաժեշտությունը» եւ համաձայնել Թրամփի հետ, որ «երկարաժամկետ կարգավորման կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով»։
Պեսկովի խոսքերով՝ ՌԴ նախագահը նաեւ պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանում ընդունելու ամերիկացի պաշտոնյաներին՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների, ներառյալ ուկրաինական կարգավորման թեմայի շուրջ քննարկումներ ունենալու համար։
Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել ուղիղ շփումները, այդ թվում՝ երկկողմ հանդիպման շրջանակում, նշել է Կրեմլի խոսնակը։
Ամերիկյան կողմից էլ հեռախոսազրույցի մասին տեղեկությունը հայտնել է անձամբ նախագահ Թրամփը։
«Մենք պայմանավորվեցինք աշխատել միասին, շատ սերտորեն, ներառյալ մեկս մյուսի երկիր փոխադարձ այցելությունները: Մենք նաեւ պայմանավորվեցինք, որ մեր համապատասխան թիմերը անհապաղ կսկսեն բանակցությունները [Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի կարգավորման շուրջ], եւ մենք դա կսկսենք Ուկրաինայի նախագահ Զելենսկիին զանգահարելուց եւ նրան տեղի ունեցած զրույցի մասին տեղեկացնելուց, ինչը ես կանեմ հենց հիմա»,- Truth Social սոցանցում հրապարակած գրառման մեջ նշել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նշել է, որ բանակցությունները սկսելու հանձարարականներ տվել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆին, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին եւ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆին։