ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եւ տեղեկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մանրամասների մասին։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ «ղեկավարները քննարկել են խաղաղության հասնելու հնարավորությունները, թիմային մակարդակով այդ նպատակին հասնելու համար միասին աշխատելու պատրաստակամությունը, ինչպես նաեւ Ուկրաինայի տեխնոլոգիական հնարավորությունները՝ ներառյալ անօդաչու սարքերը եւ ժամանակակից այլ արտադրությունները»։
Հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է նաեւ անվտանգության, տնտեսական եւ ռեսուրսների ոլորտում համագործակցության նոր համաձայնագրի նախապատրաստման հարցը։
«Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի նախագահները համակարգել են ռուսական ագրեսիան կասեցնելուն եւ հուսալի ու կայուն խաղաղություն երաշխավորելուն ուղղված համատեղ քայլերը, ինչպես նաեւ պայմանավորվել շարունակել հետագա շփումներն ու հանդիպումները»,-ասվում է Ուկրաինայի նախագահականի հայտարարության մեջ։
Դոնալդ Թրամփն էլ հեռախոսազրույցից հետո Truth Social սոցանցում գրել է, որ հեռախոսազրույցը բավականին լավ ընթացք է ունենցել։
«Նա, ինչպես նախագահ Պուտինը, ցանկանում է խաղաղություն հաստատել»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի խոսքերով՝ քննարկվել են հիմնականում պատերազմին առնչվող թեմաներն ու ուրբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովին ուկրաինական եւ ամերիկյան կողմերի կայանալիք հանդիպումը, որտեղ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորելու են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Լիահույս եմ, որ այդ հանդիպման արդյունքները դրական կլինեն։ Ժամանակն է դադարեցնելու այս անհեթեթ պատերազմը, որտեղ եղել են զանգվածային եւ բոլորովին անիմաստ մահեր ու ավերածություններ»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Նշենք, որ նախօրեին Մոսկվան ու Վաշինգտոնը հայտնեցին Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում քննարկվել էր գլխավորապես Ուկրաինայում ընթացող պատերազմը։ Կողմերի փոխանցումների համաձայն՝ նախագահները պայմանավորվել են սկսել բանակցությունները հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։