Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը Փարիզի փաստաբանների պալատի եւ միջազգային քրեական դատարանի փաստաբան Սեւակ Թորոսյանի միջոցով կապ է հաստատել Դատարանի դատախազի հետ եւ կոչ արել հետաքննություն սկսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դեմ:
«2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 4-ը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակչության դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան պատճառ դարձավ 120 000 հայերի գաղթի եւ նրանց մի քանի հազարամյա քաղաքակրթական ժառանգության կորստի»,- ասվում է Կազմակերպության տարածած հայտարարության մեջ։
Դրանում նշվում է, որ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ինչպես նաեւ ՄՔԴ-ի առաջին դատախազ Լյուի Մորենո Օկամպոն Ադրբեջանի իշխանությունների գործողությունները որակել են որպես ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված եւ պատերազմական հանցագործություններ։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհորւդը ՄՔԴ դատախազին խնդրում են՝
– համարել, որ 2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կատարված հանցագործությունների համար առկա են հետաքննություն սկսելու ողջամիտ հիմքեր,
– դիմել Նախաքննական պալատին՝ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի նկատմամբ դատարանի տարածքային իրավասության հետ կապված հարցով,
– ձերբակալության միջազգային օրդեր արձակել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են 2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղում կատարված հանցագործություններին: