Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը եգիպտացի միջնորդների հետ համաձայնության է եկել Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարը պահպանելու եւ պատանդների ազատ արձակման համաձայնագիրը վերսկսելու վերաբերյալ։ Այդ մասին գրում է Jerusalem Post-ը։
Պարբերականը, հղում կատարելով Մեծ Բրիտանիայում գործող Al-Araby Al-Jadeed լրատվականի եգիպտական աղբյուրներին, գրում է, որ ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ գործարքը կպահպանվի «իր սկզբնական տեսքով», իսկ դրա դիմաց Գազան կտանա մարդասիրական օգնություն եւ վառելիք։ Գազայի հատված մատակարարումները պետք է սկսվեն հինգշաբթի, որից հետո ՀԱՄԱՍ-ը կհրապարակի երեք պատանդների անունները, որոնք ազատ կարձակվեն շաբաթ օրը։
Փետրվարի 10-ին ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի խոսնակ Աբու Ուբայդան հայտարարել է, որ պատանդների նոր խմբի ազատ արձակումը, որոնք պետք է տուն վերադառնային փետրվարի 15-ին, հետաձգվել է: Պաղեստինյան շարժումը կարծում է, որ Իսրայելը խախտել է համաձայանգրի պայմանները, երբ «հետաձգել է տեղահանվածների վերադարձը Գազայի հարավից հյուսիս, կրակ բացել բնակիչների վրա եւ չի տրամադրել անհրաժեշտ քանակությամբ մարդասիրական օգնությունը»։
Փետրվարի 11-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սպառնացել է վերսկսել ինտենսիվ մարտերը Գազայում, եթե ՀԱՄԱՍ-ը փետրվարի 15-ի կեսօրին ազատ չարձակի իսրայելցի պատանդներին:
Հիշեցնենք՝ հունվարի 15-ին Կատարի կառավարության ղեկավար եւ արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ-Տանին հայտարարեց, որ Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը Դոհայի, Կահիրեի եւ Վաշինգտոնի միջնորդական ջանքերի շնորհիվ համաձայնության են եկել Գազայում պատանդների ազատ արձակման եւ հրադադարի հաստատման շուրջ։ Երեք փուլից բաղկացած համաձայնագիրը ուժի մեջ մտավ հունվարի 19-ին։
Գործարքով նախատեսված իսրայելցի պատանդառվածների ու Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցիների հինգ փոխանակում է արդեն տեղի ունեցել։ ՀԱՄԱՍ-ն արդեն ազատ է արձակել 21 պատանդի, այդ թվում՝ Թաիլանդի հինգ քաղաքացիների, իսկ Իսրայելը՝ 584 բանտարկյալի։