Իսրայելի իշխանությունները դիտարկում են մինչեւ 2025 թվականի վերջ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորությունը, գրում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի տվյալներով՝ նման տեղեկություններ կան ամերիկյան հետախուզական գործակալությունների վերլուծական զեկույցներում, որոնք ներկայացվել են ինչպես ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավաման վերջին ամսում, այնպես էլ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո։
Իրանական միջուկային օբյեկտներին ուղղված հարվածները, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ի ռազմական աջակցությունը կպահանջեն, WSJ-ին ասել են ամերիկացի բարձրաստիճան զինվորական աղբյուրները: Նրանց տվյալներով՝ Թրամփի օրոք Իսրայելի համար այդպիսի աջակցություն ստանալու հավանականությունն ավելի մեծ է, քան կար Բայդենի վարչակազմի ժամանակ։
Իսրայելի վարչապետի գրասենյակը չի պատասխանել մեկնաբանության համար պարբերականի ուղղած հարցումներին, իսկ իսրայելցի զինվորականները հրաժարվել են մեկնաբանություններ տալուց։
WSJ-ն հիշեցնում է, որ նոյեմբերին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր․ «Իրանն ավելի քան երբեւէ ենթակա է իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների: Մենք հնարավորություն ունենք հասնելու մեր ամենագլխավոր նպատակին՝ խաթարել եւ վերացնել Իսրայել պետության գոյության սպառնալիքը»։
Պարբերականը նշում է, որ 2024 թվականին Բայդենի վարչակազմին հաջողվեց Իսրայելին համոզել չհարվածել Իրանի միջուկային օբյեկտներին՝ սահմանափակվելով միայն հակաօդային պաշտպանության եւ հրթիռային օբյեկտների վրա հարվածներով։
Դեկտեմբերին WSJ-ն գրել էր, որ Թրամփը Իրանի միջուկայնին զենք ստեղծելու ծրագրերի խոչընդոտման համար մի քանի տարբերականեր է դիտարկում, որոնց շարքում եղել են նաեւ կանխարգելիչ ավիահարվածներ հսցնելուն վերաբերվող տարբերակը։
Տարիներ շարունակ Վաշինգտոնը Իրանին մեղադրում է միջուկային զենք ստեղծելու փորձերի մեջ։ Իրանի իշխանություններն էլ պնդում են, որ երկրի միջուկային ծրագիրը ունի զուտ խաղաղ բնույթ։