ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կարող է կայանալ Սաուդյան Արաբիայում։ Այսպիսի ենթադրություն հայտնել է անձամբ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, որը հաջորդել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցներին։
Թրամփի խոսքով՝ այդ մասին վերջնական որոշում դեռ չի կայացվել, իսկ հանդիպման ամսաթիվը «դեռ որոշված չէ», բայց այն կարող է կայանալ «մոտ ապագայում»։ ԱՄՆ նախագահը նաեւ նշել է, որ բանակցություններին կմասնակցի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանը։
Ավելի վաղ Reuters-ի աղբյուրները հայտնել էին, որ Ռուսաստանը Սաուդյան Արաբիան դիտարկում է որպես Պուտինի եւ Թրամփի հնարավոր հանդիպման վայր։ The Wall Street Journal-ի փոխանցմամբ էլ չինացի պաշտոնյաներն առաջարկել են բանակցությունները վարել Չինաստանում։ Ավելին՝ Պեկինն անգամ պատրաստակամություն է հայտնել հրադադարի հաստատման դեպքում աջակցելու խաղաղապահ ջանքերին։ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, գրում է WSJ-ը, այս առաջարկին թերահավատորեն են վերաբերվել։
Լրագրողների հետ զրույցում Թրամփը կարծիք է հայտնել, որ «Պուտինը խաղաղություն է ցանկանում»։
«Կարծում եմ՝ մենք խաղաղության ճանապարհին ենք։ Կարծում եմ՝ նախագահ Պուտինը խաղաղություն է ուզում, նախագահ Զելենսկին խաղաղություն է ուզում, ես խաղաղություն եմ ուզում։ Պարզապես ցանկանում եմ, որ մարդիկ դադարեն սպանելուց»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաեւ հասկացրել է, որ Ուկրաինայի վերաբերյալ առաջին բանակցություններին ներկա չի լինի Զելենսկին։ Պատասխանելով համապատասխան հարցին՝ Թրամփը նշել է․ «Հավանաբար առաջին հանդիպումը կունենանք, հետո կտեսնենք, թե ինչ կարող ենք անել երկրորդի հետ»։
Թրամփը նաեւ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը «գործնական» չի համարում։ Նրա խոսքով՝ Ուկրաինան հազիվ թե կարողանա վերադարձնել պատերազմի ընթացքում Ռուսաստանի կողմից բռնակցված իր բոլոր տարածքները։ Նույն բանի մասին նախօրեին խոսել էր ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։