Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել վերանայել Արաբական Հանրապետության նախորդ կառավարության հետ կնքված համաձայնագրերը, հաղորդում է սիրիական պետական SANA գործակալությունը։
Հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում Ալ-Շարաան անդրադարձել է երկու երկրների միջեւ ռազմավարական հարաբերությունների առկայությանը եւ նշել, որ Սիրիան բաց է բոլոր կողմերի համար, միեւնույն ժամանակ ընդգծել, որ դա պետք է բխի սիրիացի ժողովրդի շահերից եւ նպաստի Սիրիայում անվտանգության եւ կայունության ամրապնդմանը։
«Ռուսաստանի նախագահը հաստատել է իր երկրի աջակցությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ կայունությանը, ինչպես նաեւ Ռուսաստանի կողմից նախկին վարչակարգի հետ կնքված պայմանագրերը վերանայելու պատրաստակամություն հայտնել»,- ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ՝ Պուտինը նաեւ նշել է Սիրիայի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտության եւ երկրի արտգործնախարար Ասադ Ալ-Շայբանիին Մոսկվա այցելելու հրավեր ուղարկելու մասին։
Հեռախոսազրույցի մասին ավելի վաղ հայտնել էր Կրեմլը։ Զրույցի ընթացքում Պուտինը պատրաստակամություն էր հայտենլ աջակցելու Սիրիայի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Նշվում էր նաեւ, որ քննարկվել է առեւտրատնտեսական, կրթական եւ այլ ոլորտներում համագործակցությունը՝ հաշվի առնելով ռուսական միջգերատեսչական պատվիրակության Դամասկոսում անցկացրած վերջին բանակցությունները։
Հիշեցնենք` ռուսական պատվիրակությունը ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի գլխավորությամբ Դամասկոս ժամանել էր հունվարի 28-ին։ Սա ռուսական պատվիրակության առաջին այցն էր Սիրիա երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Սիրիական SANA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Սիրիայի նոր վարչակազմը փոխհատուցում է պահանջել ռուսական պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ։
2024 թվականի նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում «Հայաթ Թահրիր ալ-Շամի» գլխավորությամբ հակակառավարական ուժերի սկսած հարձակման հետեւանքով բանակը եւ նրանց աջակցող աշխարհազորայինները օրերի ընթացքում կորցրին Հալեպը, Համման եւ Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ապստամբներին հաջողվեց գրավել մայրաքաղաք Դամասկոսը, որից հետո հայտարարվեց նախագահ Բաշար ալ-Ասադի 24-ամյա իշխանության տապալման մասին։