Եվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ եւս մեկ քննադատական բանաձեւ է ընդունել՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք»-ի հետ կապված էլիտայի դեմ։ Նոր բանաձեւի նախագծում Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդլայնել են այն մարդկանց ցուցակը, որոնց նկատմամբ պահանջում են կիրառել եվրոպական պատժամիջոցներ։
Բանաձեւին կողմ է քվեարկել 400 պատգամավոր, դեմ՝ 63-ը։ Ձեռնպահ է քվեարկել 81 պատգամավոր։ Բանաձեւի համաձայն՝ Եվրախորհրդարանը Եվրամիության խորհրդին եւ անդամ երկրներին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Բիձինա Իվանիշվիլիի կողմնակիցների ցանցի, էլիտար շրջապատի, կոռումպացված ֆինանսիստների, քարոզիչների եւ ռեպրեսիվ պետական ապարատին աջակցողների դեմ։
Ըստ Եվրախորհրդարանի պատգամավորների՝ այս կատեգորիաներին պատկանող մարդկանց ցուցակում են Իվանիշվիլիի ընտանիքի անդամները՝ կինը՝ Էկատերինա Խվեդելիձեն, եւ երեխաները՝ Ուտա, Ցոտնե, Բերա եւ Գվանցա Իվանիշվիլիները: Այս ցանկում են նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Վրաստանի վերաբերյալ նախորդ բանաձեւի նման Եվրախորհրդարանի պատգամավորները այժմ պահանջում են պատժամիջոցներ կիրառել Բիձինա Իվանիշվիլիի, «Վրացական երազանք»-ի Իրակլի Կոբախիձեի, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի, չլեգիտիմիացված խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, ՆԳՆ նախարար Վախթանգ Գոմելաուրիի եւ նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նկատմամբ։
Քվեարկության նախօրեին «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել էր, որ Եվրախորհրդարանի բանաձեւը «գրոշի արժեք չունի»։
ԵՄ անհատական պատժամիջոցների սահմանումը պահանջում է անդամ բոլոր երկրների համաձայնությունը։ Այս փուլում դա անհնար է. Հունգարիան եւ Սլովակիան դեմ են «Վրացական երազանք»-ի հետ կապված պատժամիջոցներին։ Միով բանիվ, բանաձեւը կոչ է արել անդամ երկրներին ազգային մակարդակով կիրառել անհատական պատժամիջոցներ:
Նորայր Միսկարյան