Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիեւը չի ընդունի Մոսկվայի և Վաշինգտոնի միջեւ կնքված որեւէ համաձայնագիր առանց ուկրաինական կողմի մասնակցության։
«Այսօր կարեւոր է, որ ամեն ինչ չընթանա Պուտինի պլանի համաձայն, որում նա ցանկանում է ամեն ինչ անել բանակցությունները [ԱՄՆ-ի հետ] երկկողմանի դարձնելու համար»,- ասել է Զելենսկին, որի խոսքերը մեջբերում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ պատերազմը դադարեցնելու համար բանակցությունների սեղանի շուրջ պետք է ներկայացված լինեն նաեւ եվրոպական երկրները։
Այն, որ Կիեւն ու Եվրոպան չպետք է բացառվեն Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար ապագա խաղաղ բանակցություններից, Le Monde-ին տված հարցազրույցում ասել է նաեւ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։
«Մեր շահերից է բխում միասին աշխատել 2025 թվականին պատերազմին վերջ տալու համար։ Մենք հենց այնպես չէ, որ ցանկանում ենք մարտերի դադարեցում։ Չի կարելի քննարկել Ուկրաինան առանց Ուկրաինայի կամ Եվրոպան առանց Եվրոպայի»,- ասել է Սիբիգան։
Նախարարն ընդգծել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին մնում է դաշինքի համար սեփական անվտանգությունը երաշխավորելու ամենահուսալի եւ հասանելի միջոցը, իսկ բանակցային գործընթացում չպետք է լինեն փոխզիջումներ, որոնք վնասում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը կամ ինքնիշխանությունը։
Հիշեցնենք, որ նախօրեին Անդրեյ Սիբիգան Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Իսպանիայի եւ Մեծ Բրիտանիայի գործընկերների հետ։ Հանդիպման ընթացքում, որին մասնակցել էր նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը, ընդունվել էր համատեղ հայտարարություն, որտեղ կրկին ընդգծվում էր, որ Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին պետք է անպայման մասնակցեն ե՛ւ Կիեւը, ե՛ւ Բրյուսելը:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Հեռախոսազրույցներից հետո Թրամփը Truth Social սոցցանցում գրեց, որ Պուտինի հետ զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել, որ իրենց համապատասխան թիմերը անհապաղ բանակցություններ կսկսեն ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ։
ԱՄՆ նախագահն ընդգծել էր, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆին, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին եւ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին հանձնարարել է ղեկավարել Ուկրաինայի հարցով բանակցությունները։
Թրամփի հայտարարության մեջ որպես բանակցությունների մասնակից չեն նշվել ԵՄ երկրները։ Բանակցային թիմի անդամների թվում չի հիշատակվել նաեւ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։