ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ երբ Ուկրաինայում եւ Գազայի հատվածում պատերազմները դադարեցվեն, կցանկանար բանակցել Ռուսաստանի և Չինաստանի հետ պաշտպանական բյուջեի կրճատման շուրջ, հայտնում է Associated Press-ը։
«Երբ մենք ամեն ինչ կարգի բերենք, առաջին հանդիպումներից մեկը, որ ես ցանկանում եմ ունենալ, Չինաստանի նախագահ Սիի [Ծինփինի] եւ Ռուսաստանի նախագահ [Վլադիմիր] Պուտինի հետ է։ Եվ ես ուզում եմ ասել՝ եկե՛ք մեր ռազմական բյուջեն երկակի կրճատենք»,- ասել է Դոնալդ Թրամփը։
Նա նաև ասել է, որ ցանկանում է վերսկսել բանակցությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զինանոցների կրճատման շուրջ:
«Նոր միջուկային զենք ստեղծելու պատճառ ընդհանրապես չունենք, մենք դրանցից արդեն շատ ունենք»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ երեք երկրները «հսկայական գումարներ են ծախսում» միջուկային ծրագրերի վրա: