ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Մյունխենում ԱՄՆ, Ուկրաինայի եւ Ռուսաստանի պաշտոնյաների եռակողմ հանդիպման մասին, որտեղ ուրբաթ մեկնարկելու է անվտանգության ամենամյա միջազգային համաժողովը։
Հանդիպումը, ըստ Թրամփի, պետք է կայանա ֆորումի առաջին օրը։
«Ռուսաստանը այնտեղ մեր մարդկանց հետ կլինի։ Ի դեպ, հրավիրված է նաեւ Ուկրաինան։ Հստակ չգիտեմ, թե ովքեր կլինեն այնտեղ, բայց ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից բարձրաստիճան պաշտոնյաներ կլինեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը, որի խոսքերը մեջբերում է Reuters-ը։
Ուկրաինան չի նախատեսում հանդիպել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ «Մյունխենում ռուսների հետ բանակցություններ չեն սպասվում»,- Թրամփի խոսքերից հետո ասել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Դմիտրի Լիտվինը։ Նա նշել է, որ Մոսկվայի հետ բանակցություններից առաջ ԱՄՆ-ին, Եվրոպային եւ Ուկրաինային անհրաժեշտ է միասնական դիրքորոշում։ «Ռուսների հետ դատարկ սեղանի շուրջը չես հանդիպի։ Այս պահին սեղանին ոչինչ չկա։ Մյունխենում ռուսների հետ ոչ մի խոսակցություն չի սպասվում»,- ընդգծել է Լիտվինը։
Թրամփը նաեւ հայտարարել է, որ հաջորդ շաբաթ մեկ այլ եռակողմ հանդիպում է սպասվում Սաուդյան Արաբիայում, սակայն այն կայանալու է ոչ թե իր եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այլ կրկին բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ։