ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Կիեւում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԺ-ն։
Հաղորդագրության համաձայն` առանձնազրույցի ընթացքում Ռուսլան Ստեֆանչուկը, ողջունելով Սարգիս Խանդանյանի այցը Ուկրաինա, կարեւորել է երկու երկների միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացումը, մասնավորապես` երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի փոխայցերի կարեւորությունը:
Խանդանյանը ՀՀ Ազգային ժողովի անունից իր «աջակցությունն է հայտնել Ուկրաինայի Գերագույն ռադայի գործընկերներին երկրի համար դժվարին պայմաններում խիզախ գործունեության համար եւ շեշտել միջխորհրդարանական հարթակներում համատեղ գործելու կարեւորությունը»:
Նա Ուկրաինայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է Հայաստանի շուրջը ստեղծված անվտանգային մարտահրավերները, երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացի մանրամասները: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի Կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Ռուսլան Ստեֆանչուկն էլ, կարեւորելով տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդումը, իր անվերապահ աջակցությունն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը եւ ժողովրդավարական զարգացման ուղուն:
Սարգիս Խանդանյանը Ուկրաինա է մեկնել` մասնակցելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի աշխատանքներին: