Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Թրամփը կփորձեն Ուկրաինայում հրադադարի շուրջ համաձայնության գալ կա՛մ մինչեւ Սուրբ Զատիկը (այս տարի ե՛ւ ուղղափառները, ե՛ւ կաթոլիկները նշում են այն ապրիլի 20-ին), կա՛մ մինչեւ Հաղթանակի օրը (մայիսի 9-ին), երբ Մոսկվան տոնելու է ԽՍՀՄ հաղթանակը նացիստական Գերմանիայի նկատմամբ: Այդ մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով ուկրաինացի եւ արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյաներին։
«Պուտինը կցանկանա, որ այն [համաձայնագրի ժամանակը] համընկնի նման նշանակալի ամսաթվի հետ»,- պարբերականին ասել է ուկրաինացի պաշտոնյան:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հինգշաբթի ավելի վաղ հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը «ուրախ կլինի» խոշոր երկրների առաջնորդներին Մոսկվայում ընդունելու, եթե նրանք որոշեն ՌԴ ժամանել մայիսի 9-ին։
Հարցին, թե արդյոք նա նկատի ունի նաեւ Դոնալդ Թրամփին, նա պատասխանել է․ «Իհարկե»: