Հակառակ Ադրբեջանի պնդումների՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի եւ այլ անկախ մարմինների զեկույցները փաստացի վկայում են, որ շրջակա միջավայրին հասցված վերջին տարիների վնասի պատասխանատուն հենց Ադրբեջանն է։ Հայաստանը հերքելու է Ադրբեջանի անհիմն պահանջները՝ ներառյալ փոխհատուցման պահանջը: Այդ մասին ասվում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հայտարարության մեջ։
Դրանում հաստատվում է, որ 2025 թվականի փետրվարի 12-ին Հայաստանը ստացել է 1979 թվականի Եվրոպայի վայրի բնության եւ բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակում հարուցված արբիտրաժային գործով Ադրբեջանի ներկայացրած հայցադիմումը։ Այն բխում է արբիտրաժային տրիբունալի կողմից հաստատված ընթացակարգային օրացույցից՝ սահմանված 2024 թվականի ապրիլի 12-ի առաջին դատավարական լսումից հետո, որի ընթացքում կայացվել են Հայաստանի Հանրապետության համար բարենպաստ մի շարք որոշումներ, վստահեցնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
«Հայաստանը շարունակելու է վճռականորեն պաշտպանել իր դիրքորոշումը տվյալ վարույթում։ Ադրբեջանի ներկայացրած իրավական դիրքորոշումը հիմնված է Բեռնի կոնվենցիայի այնպիսի մեկնաբանության եւ կիրառման վրա, որը չի համընկնում դրա նպատակների եւ առարկայի հետ, այն է՝ խթանել պետությունների միջեւ համագործակցությունը՝ վայրի բուսական եւ կենդանական աշխարհը եւ դրանց բնական միջավայրերը պահպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը նաեւ ընդգծում է, որ Հայաստանը Բեռնի կոնվենցիայի անդամ պետություն դառնալուց ի վեր հետեւողականորեն հավատարիմ է իր հանձնառությանը՝ պահպանելու տարածաշրջանի վայրի բնությունն ու շրջակա միջավայրը։
«Սա արտացոլվում է ինչպես Հայաստանի բնապահպանական քաղաքականության մեջ, այնպես էլ Բեռնի կոնվենցիայի Մշտական հանձնաժողովի աշխատանքներում ակտիվ ներգրավվածությամբ»,- ասվում է հայտարարության եզրափակիչ հատվածում։
Հիշեցնենք՝ նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Հաագայի արբիտրաժային դատարան հայցադիմում է ներկայացրել Հայաստանի դեմ։ Դրանում Բաքուն պնդում է, որ 44-օրյա պատերազմից հետո բացահայտումներ է կատարել, որ «կենսաբազմազանության ամենահարուստ կետերից մեկում Հայաստանը չի կարողացել պաշտպանել կենսաբնակավայրերն ու տեսակները՝ ոչնչացնելով շրջակա միջավայրը», ինչի հետեւանքով «անդառնալի եւ լուրջ վնաս են հասցրել տարածաշրջանի կենդանական աշխարհին»։
Հայտարարության մեջ ադրբեջանական կողմը նաեւ պնդել էր, որ Հայաստանից փոխհատուցում է պահանջելու հասցրած վնասի համար։