Ոչ թե Ռուսաստանը կամ Եվրասիական տնտեսական միությունը, այլ Հայաստանի իշխանությունները պետք է սեփական ժողովրդին բացատրեն Եվրամիությանը հավանական ինտեգրման բոլոր հետեւանքները։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ-ի կողմից ԵՄ ինտեգրման գործընթաց սկսելու մասին օրինագիծը։
Նա նաեւ պատասխանել է այն հարցին, թե ինչպես է այս քայլն ազդել Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների վրա ԵԱՏՄ փոխգործակցության համատեքստում։
«Ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, թեեւ բոլորը բազմիցս խոսել են այս թեմայի շուրջ՝ արտաքին գործերի նախարարությունը, նախագահի աշխատակազմը, հարցը քաղաքական նախապատվությունների մասին չէ, այլ այն, որ բոլոր կարգավորող շրջանակներն ու սակագնային համակարգերը, որոնց հիման վրա կառուցվում է Եվրամիության եւ ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությունը, ունեն մեկը մյուսին բացառող բնույթ։ Այս խնդիրը բարձրաձայնելուց խուսափելու, չտեսնելու, քողարկելու փորձերը պարզապես իրականության ժխտում են եւ, գուցե, որոշ չափով կարելի է ասել նրանց ապատեղեկատվությունը, ումից պահանջվում է համապատասխան որոշումներ կայացնել»,- ասել է Զախարովան։
Միաժամանակ, ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ խոսքը Հայաստանի ինքնիշխան ընտրության մասին է։