Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայի հատվածի բնակիչներին տեղահանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրն անընդունելի է։
«Պաղեստինի ժողովրդի վտարումը Գազայից անընդունելի է։ Սա ծրագիր է, որը ոչ մի մուսուլման երկիր չի ընդունի, եւ այն անտեսում է Գազայի եւ Պաղեստինի ժողովրդի իրավունքները։ Այս մոտեցումը չի նպաստում երկարաժամկետ կայուն խաղաղության հասնելուն, ընդհակառակը, խթանում է հակամարտությունների բռնկմանը։ Եթե միջազգային հանրությունը մարդու իրավունքները հարգելու եւ մարդասիրական օգնություն ցուցաբերելու փոխարեն առաջնորդվի քաղաքական հաշվարկներով, դա կհանգեցնի այս տարածաշրջանում խորացող ճգնաժամի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահը, որի խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը։
Ավելին, Էրդողանի խոսքերով, Գազայում «բոլոր վերքերը բուժելու միակ միջոցը» 1967 թվականի սահմաններով անկախ Պաղեստին պետության գոյության ճանաչումն է։
«Իրական խաղաղությունը պետք է կառուցվի մի հիմքի վրա, որը կճանաչի երկու կողմերի իրավունքները եւ կապահովի հավասարությունն ու արդարությունը։ Մենք գործընկեր կլինենք այս հիմքի վրա կառուցված ցանկացած խաղաղության ռազմավարության մեջ»,- նշել է Էրդողանը։
Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել էր, որ հնարավոր է համարում Իսրայելի ռազմական գործողության հետեւանքով իրենց տները կորցրած Գազայի բնակիչներին վերաբնակեցնել հարեւան արաբական երկրներում՝ Եգիպտոսում եւ Հորդանանում։ Ըստ նրա՝ խոսքը շուրջ 1,5 միլիոն մարդու մասին է։
Թե՛ Ամմանը եւ թե՛ Կահիրեն մերժել են Թրամփի առաջարկները՝ վերահաստատելով Գազայի վերականգնման անհրաժեշտությունը առանց բնակչության տեղահանության։