Ռուսաստանը պատրաստ է վերսկսելու Հայաստանի եւ Ադրբեջանի հետ եռակողմ խմբի աշխատանքը, ճեպազրույցի ժամանակ այդ մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման նպատակով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի անդամ է […]: Ցավոք, խմբում աշխատանքը ներկայում սառեցված է հայկական կողմի դիրքորոշման պատճառով։ Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ վերսկսելու լիարժեք փոխգործակցությունը դրանում»,- հայտարարել է Զախարովան։
Նրա խոսքերով՝ խմբի շրջանակում հսկայական աշխատանք է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային երթուղիների վերականգնման եւ իրավական հիմքերի եւ տեխնիկական պարամետրերի համաձայնեցման ուղղությամբ։
«Եռակողմ աշխատանքային խմբում էր, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հաղորդակցությունների ապաշրջափակման հիմնարար սկզբունքի շուրջ։ Այն բաղկացած է պետությունների ինքնիշխանության եւ իրավասության պահպանումից իրենց տարածքով անցնող ուղիների նկատմամբ»,- հավելեց նա։