«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակել է 2024 թվականի կոռուպցիայի ընկալման համաթվի արդյունքները: Կոռուպցիայի ընկալման համաթիվը դասակարգում է 180 երկիր եւ տարածք՝ ըստ հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալման մակարդակի՝ 0-ից (բացարձակապես կոռումպացված) մինչեւ 100 (բացարձակապես մաքուր) սանդղակով:
Կոռուպցիայի ընկալման համաթիվն աշխարհում կոռուպցիայի ամենաշատ օգտագործվող գլոբալ վարկանիշային ցուցանիշն է։ Այն չափում է, թե որքան կոռումպացված է համարվում յուրաքանչյուր երկրի պետական հատվածը՝ ըստ փորձագետների եւ գործարարների գնահատման։ Կոռուպցիայի համաթվի հաշվարկման գործընթացը պարբերաբար վերանայվում է՝ այն առավել կայուն եւ հետեւողական դարձնելու նպատակով։ Վերջին անգամ վերանայումը իրականացվել է 2017 թվականին Եվրոպական հանձնաժողովի Համատեղ հետազոտական կենտրոնի կողմից։ 2012 թվականից հետո կոռուպցիայի ընկալման համաթվի յուրաքանչյուր տարվա գնահատականները համեմատելի են այլ տարվա գնահատականների հետ։
Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթվի 2024 թվականի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ մնացել է նույնը՝ 47 միավոր: 180 երկիր ներառող դասակարգման աղյուսակում Հայաստանը 63-րդն է: Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթվի ցուցանիշը (47) 2024 թվականին ավելի բարձր է համաթվի համաշխարհային միջին ցուցանիշից (43), որը տարիներ շարունակ անփոփոխ է մնում:
Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության զեկույցի՝ կոռուպցիան դեռեւս վտանգավոր խնդիր է աշխարհի բոլոր տարածքներում, սակայն բազմաթիվ երկրներում տեղի են ունենում դրական փոփոխություններ: 2012 թվականից ի վեր 32 երկրում էականորեն նվազել է կոռուպցիայի մակարդակը, մինչդեռ նույն ժամանակահատվածում 148 երկրում կոռուպցիայի ընկալման համաթիվը մնացել է անփոփոխ կամ ավելի է վատթարացել։
Հայաստանի իշխանության ներկայացուցիչները նշում են՝ մեր երկրում համակարգային կոռուպցիա չկա, բայց չեն հերքում այն փաստը, որ մեր երկրից դեռեւս չի հաջողվել արմատախիլ անել կոռուպցիան։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, խոսելով կոռուպցիայի մասին, նշել է․ «Դրանք դրվագային երեւույթներ են, որոնց մեջ ներգրավված են եղել այս կամ այն մարդիկ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Բարեբախտաբար, մենք հիմա ունենք այնպիսի պետություն, որտեղ որեւէ նախարար, փոխնախարար կամ բարձրաստիճան պաշտոնյա երաշխավորված չէ, որ իր նկատմամբ քրեական հետապնդում չի սկսվի»։
Ոչ միայն արդարադատության նախարարը, այլեւ իշխանության այլ ներկայացուցիչներ երբեմն պնդում են, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, սակայն ոլորտի փորձագետները չեն բացառում դրա առկայության հավանականությունը։
Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի՝ չկա լուրջ հետազոտություն, որը կփաստի՝ Հայաստանում համակարգային կոռուպցիա կա՞, թե՞ ոչ։
«Եթե մենք կոռուպցիայի ընկալման համաթվում ունենք 47 միավոր, սա արդեն մտահոգիչ ազդանշան է, որ կոռուպցիայի ռիսկերը բավականին մեծ են»,- ասում է Հոկտանյանը։
Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվն արդեն երկրորդ տարին անընդմեջ նույնն է՝ առավելագույն 100 միավորից 47 (որքան միավորը ցածր է, այնքան իրավիճակն ավելի մտահոգիչ է)։
Կոռուպցիայի ընկալման համաթիվը հարեւան երկրներում
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունը կոռուպցիայի ընկալման ինդեքսը ձեւավորում է տեղացի եւ երկրին ծանոթ արտասահմանցի փորձագետների ու գործարարների գնահատականների հիման վրա։ 50-ից ցածր միավորը, ըստ Հոկտանյանի, արդեն փաստում է, որ երկրում կոռուպցիայի խնդիրը լուրջ է։ Վարուժան Հոկտանյանը վստահ է՝ հարկավոր է ամրագրել այն փաստը, որ Հայաստանում կոռուպցիան շարունակում է մնալ խնդիր, եւ պետք է արվեն որոշակի լուրջ համակարգային վերանայումներ, որպեսզի մենք այս խնդրից կարողանանք ազատվել, եւ ընդունված ռազմավարության պլանները չմնան թղթի վրա։
2024 թվականին տարածաշրջանում կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանից ավելի բարձր՝ 53 միավոր ունի Վրաստանը, այսինքն՝ ավելի բարվոք վիճակում է այս առումով։ Հարեւան մյուս երկրներում վիճակն ավելի մտահոգիչ է, քան Հայաստանում․ Թուրքիայում կոռուպցիայի ընկալման համաթիվը՝ 34, Իրանում՝ 23, Ադրբեջանում 22 միավոր է։
Համեմատության համար նշենք, որ 2023 թվականին կոռուպցիայի ընկալման համաթիվը Հայաստանում՝ 47, Վրաստանում՝ 49, Թուրքիայում՝ 34, Իրանում՝ 24, Ադրբեջանում 23 միավոր է։
2022 թվականին կոռուպցիայի ընկալման համաթիվը Հայաստանում ՝ 46 , Վրաստանում՝ 56, Թուրքիայում՝ 36, Իրանում՝ 25, Ադրբեջանում 23 միավոր է։
2024 թվականին կոռուպցիայի ընկալման համաթվով ամենաբարձր ցուցանիշեր ունեցող վեց երկրներն են Դանիան (90), Ֆինլանդիան (88), Սինգապուրը (84), Նոր Զելանդիան (83), Լյուքսեմբուրգը (81), Նորվեգիան (81):

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։