Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, այսօր ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, քննադատել է եվրոպական ժողովրդավարության մասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարությունները։
Վենսը ելույթ էր ունեցել նախօրեին։ Փոխնախագահը, մասնավորապես, նշել է, որ եվրոպական երկրները պետք է հաշվի առնեն իրենց քաղաքացիների կարծիքը եւ երկխոսություն վարեն, այդ թվում՝ աջ պոպուլիստական կուսակցությունների հետ։
Վանսը նախկինում նաեւ քննադատել է դասական գերմանական կուսակցությունների ռազմավարությունը, որը հիմնված է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության հետ փոխգործակցության ցանկացած ձեւից հրաժարվելու վրա:
Իր ելույթում Շոլցը հայտարարեց, որ ԳԴՀ-ի բնակիչների ճնշող մեծամասնությունը վճռականորեն դեմ է նրանց, ովքեր «փառաբանում կամ արդարացնում են հանցավոր նացիոնալ սոցիալիզմը» եւ չեն աջակցում AfD-ի քաղաքականությանը։
Մեկնաբանելով Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ կանցլերը նշել է, որ պատերազմի ավարտից հետո Կիեւը պետք է ունենա սեփական հզոր բանակը։ Շոլցի խոսքերովէ այդ հարցում Ուկրաինային օգնելու են Եվրոպան ու անդրատլանտյան գործընկերները։ Քաղաքական գործիչը նաեւ կոչ է արել ԵՄ-ում զենքի մշտական արտադրություն սկսել։
Միեւնույն ժամանակ, կանցլերը իր ուրախությունն է հայտնել, որ ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինայի անկախության պահպանման ընդհանուր նպատակը։
«Ռուսաստանի հաղթանակն ու Ուկրաինայի փլուզումը Եվրոպայում խաղաղության ու կարգուկանոնի չեն հանգեցնի։ Մենք երբեք չենք աջակցի Ուկրաինային պարտադրված խաղաղությանը»,- ընդգծել է Շոլցը։
Նրա խոսքերով` Գերմանիան կարող է անգամ արտակարգ դրություն հայտարարել Ուկրաինային աջակցելու համար։ Նման քայլը կարող է անհրաժեշտ լինել գերմանական օրենսդրությամբ բյուջեից փոխառությունների համար սահմանված առաստաղը շրջանցելու դեպքում։
Շոլցը նաեւ վերահաստատել է իր հավատարմությունը այն սկզբունքին, որ Ուկրաինայի ապագայի վերաբերյալ ցանկացած բանակցություն պետք է վարվի նրա մասնակցությամբ։