Այս ժամանակահատվածում, երբ թշնամու ռազմական ուժի ճնշման տակ հազարամյակներով հայկական Արցախը հայաթափվել է, Հայաստանի սահմանները խախտվել են ադրբեջանական բանակի կողմից, իսկ Բաքվից հնչող հայտարարությունները միտված են հայ ժողովրդին որպես պատերազմական հանցագործությունների հակված եւ հակահումանիստական ընկալումներ ունեցող մի ամբոխի ներկայացնելուն, հրամայական է դառնում շարադրել պատերազմի եւ դրա վարման կանոնների հետ կապված հայ մարդու իրական ու դարերից եկող ընկալումները։
Խոսքը պատերազմին վերաբերող այն հիմնական մոտեցումների մասին է, որոնք գրավոր ամրագրվել են միջնադարյան ու նոր շրջանի իրավագետների եւ մտավորականների աշխատություններում։
Սկզբի համար ընդգծենք, որ պատերազմի շուրջ հայկական պատկերացումները գլխավորապես ներկայացվում են V դարի պատմիչներ Մովսես Խորենացու, Եղիշեի, հոգեւորական Եզնիկ Կողբացու աշխատություններում, ինչպես նաեւ «Սասունցի Դավիթ» էպոսում, որոնցից հստակ է դառնում, որ պատերազմը հայկական ընկալման մեջ արդար էր, եթե այն մղվում էր բռնաճնշումների, թշնամու հարձակումների հետմղման, նվաստացումների վերացման եւ ազգային ու կրոնական ինքնության պահպանման համար։
Այսպիսի ընկալումների հիման վրա հետագայում արդեն ձեւավորվել են պատերազմի վարմանը վերաբերող օրենքները, որոնց համար որպես հիմնական աղբյուր են եղել Աստվածաշունչը, ավանդույթները եւ հայկական կանոնական (եկեղեցական) օրենքները։
Ռազմական ուժի կիրառման վերաբերյալ հայկական միջնադարյան միտքը հասկանալու համար պետք է դիտարկել այնպիսի հիմնարար նշանակություն ունեցող աշխատություններ, ինչպիսիք են XII դարի հոգեւորական եւ օրենսդիր Մխիթար Գոշի (մոտ 1120-1213 թթ․) եւ XIII դարի Կիլիկիայի հայկական թագավորության հեղինակավոր զորավար Սմբատ Սպարապետի (Գունդստաբլ․ մոտ 1208-1276 թթ․) օրենքների ժողովածուները՝ Դատաստանագրքերը։
Հետազոտողները գտնում են, որ Սմբատ Սպարապետի Դատաստանագիրքը իր ձեւով գրեթե կրկնում է Գոշի աշխատությունը։ Իրապես, երկու գործերում էլ պատերազմի հետ կապված օրենքները գրեթե նույնական են, եւ դրանք տեղ են գտել Թագավորին վերաբերող օրենքների շարքում։
Գոշը, այս հարցերին անդրադառնալով, ընդգծել է, որ թշնամու կողմից հարկադրած պատերազմից հետո, կամ որ նույնն է՝ թշնամական հարձակումը հետ մղելուց հետո սպանությունները պետք է անմիջապես դադարեցվեն, եւ այլ սպանությունների հրամաններ չպետք է լինեն (այս դրույթն ամրագրված է նաեւ Դավիթ Ալավկավորդու (?-մահ․ մոտ 1140 թ․) կանոններում)։ Սմբատ Սպարապետը նույնպես նշել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո թշնամիների սպանություններ այլեւս չպետք է լինեն, սակայն ի տարբերություն Գոշի՝ նա չի նշում պատերազմի հարկադիր բնույթի մասին, այլ ընդգծում է, որ սպանդը պետք է դադարի, երբ արքան հաղթանակ տանի։ Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ թշնամու հարձակումը հետ մղելուց հետո վիրավորներն ու գերիները ենթակա չէին սպանության։
Հաջորդիվ, երկու իրավագետներն էլ ամրագրել են, որ թշնամու դեմ պատերազմ սկսելուց առաջ (այսինքն՝ հարձակողական) անհրաժեշտ է երեք անգամ խաղաղության կոչել, եւ միայն հրաժարումից հետո անցնել հարձակման ու բռնությամբ վերցնել քաղաքը։ Երկու աշխատություններում էլ ամրագրվել է այն դրույթը, որ նվաճումից հետո պետք է սպանվեին միայն այն անձինք, որոնք դեմ էին արտահայտվել խաղաղությանը եւ դրա փոխարեն որոշել էին պատերազմել։
Գոշը գտնում է, որ մեղավորների սպանությունից հետո մյուսները պետք է մնային անվնաս, եւ նրանց համար հատուկ հարկ սահմանվեր, սակայն անհնազանդություն ցուցաբերելու դեպքում թույլատրվում էր սպանել նաեւ նրանց։ Սմբատ Սպարապետի օրենքների համաձայն՝ արքայի ողորմությանը հանձնված եւ ռազմական գործողություններ սկսելու համար մեղավոր թշնամիները չպետք է սպանվեին, այլ պետք էր միայն կտրել նրանց վերջույթները։ Երկու իրավագետներն էլ արգելում են նվաճված քաղաքի պտղաբեր ծառերի հատումը։
Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ երկու Դատաստանագրքերում էլ մանրամասնորեն ամրագրվել է բերդը թշնամուն դավաճանաբար հանձնողների հետ վարվելու ձեւը։ Այդպիսի մարդկանց համար օրենսգետները գտնում են, որ պետք է անպայման մահապատիժ սահմանվի, իսկ նրանց կանայք ու երեխաները որպես ստրուկներ ուղարկվեն արքունիք։
Սակայն Գոշի մոտ որոշակի բացառություններ կան։ Նա, ի տարբերություն Սմբատ Սպարապետի, կարեւորում է դավաճանողների կրոնական պատկանելությունը։ Եթե դավաճան անձինք, ինչպես նա է նշել, «այլազգի» էին, ապա պետք է սպանվեին, սակայն կարող էին իրենց կյանքի համար փրկագին վճարել եւ մահապատժից ազատվել, բայց այդ դեպքում էլ պետք է կուրացվեին եւ մերկ ուղարկվեին երկրի սահմաններից դուրս։ Մինչդեռ դավաճանողների քրիստոնյա լինելու դեպքում պետք էր անպայման պահպանել նրանց կյանքը եւ միայն կուրացնելով ուղարկել երկրի սահմաններից դուրս՝ «վասն մարդասիրին Քրիստոսի» (հանուն Քրիստոսի մարդասիրության)՝ միեւնույն ժամանակ բռնագանձելով ունեցվածքը եւ գերեվարելով կանանց ու երեխաներին։
Սմբատ Սպարապետն էլ հատուկ ամրագրում է, որ եթե քրիստոնյան դավաճանաբար հանձնվեր թուրքին, ապա այն կատարողը պետք է սպանվեր կամ այլ պատիժ կրեր, օրինակ՝ կուրացվեր, զրկվեր երկու ձեռքերից եւ զղջար։
Կարեւոր է նաեւ նշելը, որ երկու օրենսգետներն էլ ամրագրում են նոր ամուսնացած մարդկանց ռազմական գործողություններին մասնակցելուց ազատելու մասին աստվածաշնչյան դրույթը, քանի որ նա կարող էր զոհվել եւ առժամանակ սուգ բերել իր տանը։
Մխիթար Գոշը իր աշխատության մեջ նաեւ պատասխանում է մի կարեւոր հարցի, որը մշտապես հուզել է ոչ միայն հայ մարդուն, այլ նաեւ առհասարակ բոլոր քրիստոնյաներին․ խոսքը պատերազմի ժամանակ թշնամու սպանությունը որպես մեղք համարել կամ չհամարելու դիսկուրսի մասին է։ Իրավագետը այս հարցի պատասխանը տալիս է՝ հիմնվելով ավանդույթի վրա՝ նշելով, որ պատերազմի ժամանակ գործած սպանությունը մեր նախնիները մեղք չեն համարել։ Նա նաեւ նշում է, որ պատերազմից վերադարձածները պետք է երեք տարի հեռու մնան հաղորդություն ստանալուց, որպեսզի ձեռքն արյունից սրբվի։
Ահա այսպիսին էին Գոշի եւ Սմբատ Սպարապետի Դատաստանագրքերում պատերազմին առնչվող հիմնական օրենքները, որոնք գլխավորապես արտացոլում էին միջնադարյան ավատատիրական հասարակարգում ամրացած մոտեցումները։ Սրանք այդ ժամանակ բնորոշ էին Կիլիկիայի հայկական թագավորությանը, որը, բացի ավատատիրական համակարգի քայքայիչ ազդեցությունից, կրում էր նաեւ Ռումի սելջուկյան սուլթանության եւ Եգիպտոսի մամլուքյան պետության հետ գրեթե մշտական պատերազմների բեռը։ Այսպիսի իրավիճակում ուղղակի հրատապ էր պատերազմի վարման հետ կապված հստակ ամրագրումը։
Սակայն պատերազմի օրենքների հետ կապված հարցերի շուրջ հայ մտավորականությունը չի դադարել խորհելուց նաեւ պետականության բացակայության շրջանում։ Նոր ժամանակներում այդպիսի կոթողային աշխատանքներից է XVII դարի հոգեւորական, Վենետիկի հայ համայնքի հոգեւոր առաջնորդ Խաչատուր Էրզրումցու (կամ Աառաքելյան, մոտ 1666-1740 թթ.) «Համառօտութիւն բարոյականի Աստուածաբանութեան» աշխատությունը (1709 թ․)։
Նախ Էրզրումցին կատարում է ռազմական գործողությունների հստակ տեսական բաժանում՝ նշելով, որ դրանք երկու տեսակի են․ Ա․ «նախախնամական» կամ «պատսպարական», որը վերաբերում է պաշտպանական պատերազմին, եւ Բ․ «վնասարար», որն էլ ենթադրում է ժողովուրդներին վնաս հասցնելուն կամ նրանց վրա հարձակվելուն։ Ընդ որում՝ պաշտպանական պատերազմը Էրզրումցին համարում է արդար պատերազմ, իսկ հարձակողականը՝ անարդար կամ «անիրավ»։
Աշխատության մեջ հոգեւորականը թույլատրելի է համարել թշնամու հարձակումներից ժողովրդի ու երկրի պաշտպանության համար կիրառել բոլոր հնարավոր միջոցները՝ ընդգծելով, որ արդար պատերազմի օրենքն է թշնամուն սպանելը։
«Սակայն չէ օրէն ուղղակի սպանանել զանմեղս, այսինքն զերեխայս, զկանայս, զծերս, զկրօնաւորս, զեկեղեցականս, զհիւրս, զնշդեհս (օտարական պանդուխտին), զանցաւորս եւ զայլս սոյնպիսիս (եւ այլ այսպիսիներին)»,- գրում է Էրզրումցին՝ միեւնույն ժամանակ նշելով, որ խաղաղ բնակչության թվարկած ներկայացուցիչներից որեւէ մեկի պատահական սպանությունը կարող է ներվել։
Հատկանշական է, որ Էրզրումցին ներկայացնում է նաեւ «վնասարար» կամ հարձակողական պատերազմ սկսելու համար իր գնահատմամբ օրինական համարվող պատճառները։ Նա ընդգծում է, որ այսպիսի պատերազմ կարող էին նախաձեռնել միայն պետությունն ու իշխանները եւ այն դեպքում, եթե երկրում անդորրությունը պահպանելու, ընդվզումները ճնշելու եւ թշնամու կողոպտածը վերադարձնելու անհրաժեշտություն կար։ Էրզրումցին հաջորդիվ նշում է, որ այսպիսի պատերազմները պետք է չլինեն «Թիւր դիտաւորութեամբ, զօրօրինակ, վասն ատելութեան (հանուն ատելության)»։
Մեկ այլ աշխատության մեջ, որը վերնագրված է «Համառօտական իմաստասիրութիւն» (17011 թ․), Խաչատուր Էրզրումցին ընդհանրական ներկայացնում է այն մարդասիրական կանոնը, որը պետք է առաջնային լիներ կառավարիչների համար թե՛ պաշտպանական եւ թե՛ հարձակողական պատերազմներ վարելիս․ «Զանմեղս ոչ սպանանէ․ այլ զանիրաւս խողխողէ։ Զթողութիւն խնդրողաց ներէ․ ի մահուանէ զերծուցանէ։ Արդարաբար վերժխնդրէ․ եւ չափաւորաբար պատժէ։ Քանզի զայնքան պատիժ արէ․ զորքան արդարութիւն խնդրէ։ Առավելաբար ոչ պատժէ զի անիրաւութիւն ատէ։ Պատէրազմ որ արդար լինի յիշեցեալ կերպիւ իրակի»։
Հետաքրքրական են նաեւ աշխատության մեջ առկա խաղաղության պայմանագրի վերաբերյալ մոտեցումները։ Էրզրումցին ընդգծում է, որ հակամարտող կողմերի միջեւ խաղաղություն եւ դաշինք հաստատելու դեպքում անպայման պետք է, որ դրանք պահպանվեն եւ չխախտվեն։ Սակայն, եթե թշնամին իր կամքը բռնությամբ է պարտադրում, եւ որի հետեւանքով վնաս է հասցվում հասարակությանն ու կրոնին, ապա կապանքների մեջ չլինելու համար թույլատրելի է խախտել այդպիսի դաշնադրությունը, որն ամենեւին էլ մեղք չի կարող համարվել։
Ռազմական գործողությունների ժամանակ հումանիտար կանոնների պահպանման մասին ընդգծվում է նաեւ հայ իրավական մտքի մեկ այլ կոթողային աշխատության՝ «Որոգայթ փառացի» մեջ։ Հնդկահայ վաճառական Շահամիր Շահամիրյանի շարադրած այս օրենքների ժողովածուի մեջ, որը հրատարակվել էր 1773 թվականին, հստակորեն ամրագրվում է թշնամու դեմ ուժի կիրառման ժամանակ անհրաժեշտ մի ամբողջ վարքականոն։
Ահա աշխատության մեջ ամրագրված մի քանի հիմնական կանոններ․
- զենքը վայր դրած եւ գերության հանձնված թշնամին ենթակա չէ սպանության,
- գերված անձը ենթակա չէ վաճառման (ստրկության), իսկ պատերազմի ավարտից հետո պետք էր կատարել գերիների փոխանակում,
- պատերազմի ժամանակ անհրաժեշտ է պաշտպանության տակ առնել թշնամի կանանց եւ դստրերին,
- անկախ կրոնական պատկանելությունից՝ իգական սեռի ներկայացուցիչը ենթակա չէ գերեվարման, բացառությամբ այն դեպքերի, երբ նա կհամարվի հանցավոր,
- պաշարված քաղաքի խաղաղ բնակչությանն ու զինվորականներին հեռանալու հնարավորություն պետք է տրվի՝ այդ նպատակով 15 օր շարունակ հատուկ ճանապարհ բաց պահելով, եւ սա այն դեպքում, եթե հեռացողները համաձայնեն իրենց հետ տարվող ապրանքի համար վճարել համապատասխան տասանորդ հարկը եւ տարագնաց մնան պաշարող կողմի երկրում,
- 15 օր հետո դուրս գալու ցանկություն հայտնողին հեռանալու թույլատրություն կարող է տալ միայն պաշարող բանակի զորապետը,
- թշնամուց նվաճված վայրերում չպետք է ավերել հասարակ ժողովրդին պատկանող տները, բնակարանները եւ շեները, բացառությամբ անհրաժեշտ դեպքերի, երբ պետք է դրանք քանդել ամրոցների կամ բերդերի շուրջը հարթեցնելու համար,
- ամրոցների գրավման դեպքում էլ թույլատրելի է ավերել ու քանդել պարիսպները, աշտարակները, վառոդի տունը, զինանոցը եւ զինվորների կացարանը,
- թշնամու երկրից այն գավառները, քաղաքները, գյուղերը եւ մարդիկ, որոնք հնազանդություն են հայտնել պաատերազմի ժամանակ եւ այդպիսով պաշտպանություն գտել, դավաճանության դեպքում հանցագործը կամ հանցագործները ենթակա են պատժի՝ ընդհուպ մահվան, գերության եւ ունեցվածքի ավարառման,
- թշնամու ցանկացած գավառ, քաղաք, բերդ դաշնադրությամբ նվաճելու դեպքում պետք է խստորեն պահել դաշինքը։
Թե՛ Խաչատուր Էրզրումցու եւ թե՛ Շահամիր Շահամիրյանի կենսագրության եւ գործունեության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկու մտավորականներն էլ կրել են իրենց ժամանակաշրջանի եվրոպական լուսավորչական եւ հումանիստական գաղափարների ազդեցությունը, որոնք իրենց արտացոլումներն են արդեն գտել նշյալ աշխատությունների մեջ, հատկապես պատերազմի վարմանն առնչվող հարցերում։ Ավելին՝ նրանց աշխատությունների երեւան գալը համընկել է այնպիսի ժամանակաշրջանի հետ, երբ սկսում էր վերելք ապրել XVII-XVIII դարերի հայ ազգային-ազատագրական միտքը: Հատկանշական է, որ Էրզրումցու աշխատության հրապարակումը նախորդում, իսկ Շահամիրյանինը հաջորդում էր տարածաշրջանի մուսուլմանական մանր խանությունների եւ օսմանյան զավթիչների դեմ 1722-1730 թթ. Սյունիքի եւ 1724-1731 թթ. Արցախի ազատագրական պայքարին։
Հետագա դարերի ընթացքում մարդասիրական այս մոտեցումները շարունակեցին ամրագրվել հայ մտավորականության շրջանում՝ իրենց դրսեւրումներն ունենալով ռազմական գործողությունների ժամանակ։ Ասվածի վառ օրինակ է 1919 թվականի նոյեմբերին Սյունիքի սահմանները պաշտպանելու համար կազմավորած հատուկ «Գայլախմբեր» կոչվող ստորաբաժանումներին ուղղված Գարեգին Նժդեհի հրամանագիրը, որտեղ նա պահանջում էր «անխնա լինել դիմադրողների նկատմամբ, ասպետ եւ մարդ՝ կանանց, երեխաների ու ծերերի նկատմամբ»։
Ահա այսպիսին է եղել պատերազմի եւ դրա վարման սովորույթների նկատմամբ հայկական մոտեցումը։ Այն պատմական տարբեր փուլերում ձեւավորված ընկալումներին զուգահեռ դարերի ընթացքում զարգանալով ձուլվել է մարդասիրական բարոյական այնպիսի առանցքային նորմերի, որոնք դրսեւորվել էին ժամանակի հեղինակավոր եվրոպացի մտածողների գործերում, որոնք էլ իրենց հերթին այսօր միջազգային մարդասիրական իրավունքի անկյունաքարային հիմքն են։

Մասնագիտությամբ միջազգայանագետ եմ։ Ձգտում եմ մարդկանց ապահովել տեղեկատվությամբ՝ նպատակ ունենալով թեկուզ չնչին ներդրում կատարել անցյալից ու ներկայից տեղեկացված հասարակություն կերտելու գործում։ Հետաքրքրությանս ոլորտներն են կրոնները, հատկապես իսլամը՝ իր շիա ուղղությամբ, պատմությունն ու պատերազմի մասին ժողովուրդների ընկալումները։