Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել է, որ եվրոպական երկրներին չի տեսնում ուկրաինական հակամարտության հարցով խաղաղ բանակցությունների մասնակիցների շարքում։
«Այն, ինչ մենք չենք ուզում անել, մեծ խմբային քննարկման մեջ մտնելն է»,- ասել է Քելլոգը Մյունխենի անվտանգության համաժողովում՝ «Պինչուկ հիմնադրամի» կողմից կազմակերպված, այսպես ասած, «ուկրաինական ճաշի» ժամանակ։
«Մենք չենք կրկնի Մինսկը»,- ասել է Քելլոգը՝ պարզաբանելով, որ «սեղանի շուրջը շատ մարդիկ են եղել, եւ նրանք հնարավորություն չեն ունեցել ներգրավվելու խաղաղ գործընթացում, դա չի ստացվել»։
Միեւնույն ժամանակ, Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը, որը նույնպես մասնակցել է «ուկրաինական ճաշին», ասել է, որ բանակցություններից Եվրոպային բացառելը «քաղաքականապես անընդունելի» կլինի, հաղորդում է CNBC-ն։
Քննարկմանը մասնակցած Իսլանդիայի վարչապետ Կրիստրուն Մյոլ Ֆրոստադոուտիրն իր հերթին նշել է, որ Եվրոպան «դեռ վստահ չէ, թե ԱՄՆ-ը ինչ է ուզում անել» Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Եվրոպական առաջնորդները, հավելել է նա, «դժվարանում են անընդհատ պատասխանել անհասկանալի մեկնաբանություններին»:
Մյունխենի համաժողովի մեկնարկից մի քանի օր առաջ Թրամփը զանգահարել է Վլադիմիր Պուտինին եւ Վլադիմիր Զելենսկուն եւ հայտարարել, որ պատրաստ է բանակցություններ սկսելու պատերազմի ավարտի համար։ Ելույթ ունենալով Մյունխենում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւս մեկ անգամ ընդգծել է, որ «Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չեն կարող լինել առանց Ուկրաինայի»։