ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 15-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ դիվանագետները «պայմանավորվել են պահպանել հաղորդակցության ուղիները՝ ռուս-ամերիկյան հարաբերություններում կուտակված խնդիրները լուծելու համար»։
Նշվում է, որ Լավրովն ու Ռուբիոն «հանձնառություն են արտահայտել համագործակցելու միջազգային արդի խնդիրների շուրջ՝ ներառյալ Ուկրաինայի կարգավորումը, Պաղեստինի շուրջ ստեղծված իրավիճակը եւ ընդհանրապես Մերձավոր Արեւելքի հարցերը»:
Բացի այդ՝ կողմերը նաեւ «հաստատել են համատեղ աշխատանքի պատրաստակամությունը», որը միտված է լինելու «փոխադարձ հարգալից միջպետական երկխոսությունը վերականգնելուն»։
Պետդեպարտամենտը հաստատել է, որ Ռուբիոն զանգահարել է Լավրովին՝ որպես ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահների վերջին զրույցի շարունակություն։
«Պետքարտուղարը վերահաստատել է ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու նախագահ Թրամփի հանձնառությունը։ Բացի այդ՝ նրանք քննարկել են մի շարք այլ երկկողմ հարցերի շուրջ հնարավոր համատեղ աշխատանքի հնարավորությունը»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Փետրվարի 12-ին Դոնալդ Թրամփը զանգահարել էր Վլադիմիր Պուտինին եւ Վլադիմիր Զելենսկուն, որից հետո հայտարարել էր, որ պատրաստ է բանակցություններ սկսելու ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու համար։
Լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները շուտով կհանդիպեն Սաուդյան Արաբիայում՝ քննարկելու Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի առաջիկա բանակցությունների մանրամասները։