Եվրոպացի առաջնորդները պատրաստվում են Փարիզում արտակարգ գագաթնաժողով հրավիրելու, որի ընթացքում նախատեսվում է ընդհանուր դիրքորոշում մշակել ուկրաինական հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի շուրջ։ Սա տեղի է ունենում այն մտավախությունների ֆոնին, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ ապագա բանակցություններում կարող է ուղղակի դուրս թողնել Եվրոպային։
Գագաթնաժողովը կարող է կայանալ արդեն երկուշաբթի, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով եվրոպական դիվանագիտական չորս աղբյուրների։
Այն, որ նման գագաթնաժողով էր նախապատրաստվում, հայտնի դարձավ շաբաթ երեկոյան Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու խոսքերից։ Նա հայտարարեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «արդեն Փարիզ է կանչում եվրոպացի առաջնորդներին»:
«Նախագահ Թրամփն ունի գործողության մի մեթոդ, որը ռուսներն անվանում են «հետախուզություն մարտով», այսինքն՝ սկսում ես գործողություններ եւ ուսումնասիրում, թե ինչ կարող է լինել հետագայում, որից հետո փոխում ես դիրքերը։ […] Եվ մենք պետք է պատասխանենք»,- ասել է Սիկորսկին՝ անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկարատեւ հեռախոսազրույցին, որը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ փետրվարի 12-ին։
Ելիսեյան պալատը դեռեւս որեւէ պաշտոնական հայտարարություն չի արել գագաթնաժողովի մասին, սակայն առանձին եվրոպացի առաջնորդներ արդեն նշել են, որ կարող են մասնակցել ոչ պաշտոնական հանդիպմանը։
Նրանցից մեկը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն է, որը նախօրեին հայտարարել էր, որ երկրի «ազգային անվտանգության համար այնպիսի մի պահ է հասունացել, որը յուրաքանչյուր սերնդի համար մեկ անգամ է վրա հասնում»։ Սթարմերը նաեւ ընդգծել է, որ Եվրոպան այժմ պետք է ավելի մեծ դերակատարում ունենա ՆԱՏՕ-ի մեջ։
«Մենք գործ ունենք այսօրվա աշխարհի իրականության եւ Ռուսաստանից բխող սպառնալիքի հետ։ Հասկանալի է, որ Եվրոպան պետք է ավելի նշանակալի դեր ստանձնի ՆԱՏՕ-ի ներսում, քանի դեռ աշխատում ենք Միացյալ Նահանգների հետ, որպեսզի ապահովենք Ուկրաինայի ապագան եւ հակազդենք Ռուսաստանի կողմից մեզ սպառնացող վտանգին»,- ասվում է Մեծ Բրիտանիայի հայտարարության մեջ:
«Մեծ Բրիտանիան կաշխատի, որ ԱՄՆ-ը եւ Եվրոպան միասին մնան»,- ընդգծել է Սթարմերը՝ հավելելով, որ Եվրոպան չի կարող թույլ տալ, որ դաշնակցային ներքին տարաձայնությունները շեղեն արտաքին թշնամիներից։
Եվրոպական գագաթնաժողովից հետո Սթարմերը նախատեսում է դրա արդյունքները քննարկել Թրամփի հետ։ Նրանց հանդիպումը կկայանա Վաշինգտոնում փետրվարի վերջին։ Վաշինգտոնից վերադառնալուց հետո սպասվում է եւս մեկ գագաթնաժողով՝ եվրոպացի առաջնորդների եւ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ։
Գագաթնաժողովին մտադիր է մասնակցելու նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Մյունխենի անվտանգության համաժողովում նա հայտարարել է, որ Եվրոպան պետք է «լավ առաջարկներ» ներկայացնի Ուկրաինայում խաղաղություն ապահովելու համար, եթե ցանկանում է մասնակցել ԱՄՆ-ի գլխավորած բանակցություններին:
«Եթե եվրոպացիները ցանկանում են իրենց խոսքն ասել, ապա պետք է ցույց տան իրենց նշանակությունը»,- ասել է Ռյուտեն։
Ընդգծենք, որ այս հայտարարությունները հետեւում են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Մյունխենում հնչեցրած այն հայտարարությանը, որոտեղ նա, կրկնելով Թրամփի տեսակետները, նշել էր, որ Եվրոպան պետք է քայլեր կատարի սեփական անվտանգությունը ապահովելու համար։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահի Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով բանագնաց Քիթ Քելլոգն էլ հայտարարել էր, որ Եվրոպային չի տեսնում ուկրաինական հակամարտության կարգավորման համար բանակցողների շարքում։
Այն, որ բանակցությունները սկսվելու են առնվազն Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ ուղիղ շփումներով, Թրամփը հասկացնել տվեց Պուտինի հետ զրույցից հետո։ Ելույթ ունենալով Մյունխենի համաժողովում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հստակեցրեց, որ Կիեւն անընդունելի է համարում երկրի ապագան որոշել առանց իր մասնակցության։
Ավելի ուշ Սպիտակ տունը պարզաբանեց, որ Ուկրաինան նույնպես կմասնակցի խաղաղության բանակցություններին, իսկ ԱՄՆ-ը միջնորդ կլինի Կիեւի եւ Մոսկվայի միջեւ:
Ապագա բանակցությունները կարող են տեղի ունենալ Սաուդյան Արաբիայում։