Մեծ Բրիտանիան պատրաստ է իր զորքերը ուղարկելու Ուկրաինա՝ հրադադարի հնարավոր համաձայնագրի ստորագրումից հետո անվտանգության երաշխիքներն ապահովելու համար, The Telegraph-ում հրապարակված հոդվածում գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
Սթարմերը նշել է, որ Մեծ Բրիտանիան «պատրաստ է առաջատար դեր խաղալու Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովման համար տարվող աշխատանքի արագացման գործում»՝ ներառյալ շարունակելով աջակցել ուկրաինական զինված ուժերին:
«Բայց դա նաեւ նշանակում է պատրաստակամություն եւ ցանկություն՝ նպաստելու Ուկրաինայի անվտանգության ապահովմանը` անհրաժեշտության դեպքում երկրի տարածք մեր զորքերը մտցնելով։ Սա հենց այնպես չեմ ասում։ Ես շատ խորն եմ զգում այն պատասխանատվությունը, որն առաջանում է, երբ մենք վտանգի ենք ենթարկում բրիտանացի զինվորականներին։ Բայց Ուկրաինայի անվտանգության ապահովման գործում ունեցած ցանկացած դերակատարում թույլատրում է երաշխավորել մեր մայրցամաքի եւ այս երկրի անվտանգությունը։ Այս պատերազմի ավարտը, երբ այն տեղի ունենա, չի կարող Պուտինի համար լինել ժամանակավոր հրադադար նոր հարձակում սկսելուց առաջ»,- գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Նա նաեւ ընդգծել է, որ եվրոպական երկրները պետք է ավելացնեն պաշտպանական ծախսերը եւ ավելի մեծ դեր ստանձնեն ՆԱՏՕ-ում։
Այսպիսով՝ Սթարմերը առաջին անգամ հրապարակավ հայտարարել է, որ պատրաստ է դիտարկելու Ուկրաինա բրիտանացի խաղաղապահներ տեղակայելու հնարավորությունը։
Նա այս հայտարարությունը հնչեցնում է փետրվարի 17-ին Փարիզում նախատեսված եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից առաջ: Նրանից բացի՝ հանդիպմանը կմասնակցեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Նիդերլանդների, Դանիայի ղեկավարները, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի, Եվրոպական խորհրդի եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։
Մինչ եվրոպացի առաջնորդները կհանդիպեն Ուկրաինայի հարցով առանձին քննարկման, Սաուդյան Արաբիայում առաջիկա ժամերին սպասվում է հակամարտության դադարեցման հարցով Ռուսաստանի եւ ԱՄՆ պատվիրակությունների հանդիպումը։
Հունվարի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցներից հետո հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտությունը կանգնեցնելու համար ուղիղ բանակցություններ սկսելուն։ Թրամփի նման քայլը անհանգստություններ առաջացրեց Եվրոպայում՝ մտավախություններ ստեղծելով, որ վերջիններս կարող են դուրս մնալ ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացից։ Սրան հետեւեց ԵՄ երկրների, Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի համատեղ հայտարարությունը, որում ընդգծվում էր, որ վերջիններս պատրաստ են մասնակցելու բանակցություններին, եւ որ առանց Եվրոպայի եւ Ուկրաինայի մասնակցության հակամարտության կարգավորում հնարավոր չէ։
Ուկրաինայի արեւմտյան դաշնակիցների շարքերում այս ճեղքվածքն առավել ակնհայտ դարձավ, երբ Մյունխենում ռուս-ուկրաինական հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարեց, որ հակամարտության կարգավորման շուրջ բանակցողների շարքում եվրոպական կողմին չի տեսնում։
The Telegraph-ը գրում է, որ Փարիզում ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն Սթարմերը կքննարկի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մինչեւ փետրվարի վերջ կայանալիք հանդիպմանը։