ՀԱՄԱՍ-ը նամակ է ուղարկել Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը (ՊԱԿ), որում հայտարարել է Գազայի հատվածը Պաղեստինի ազգային վարչակազմի եւ կառավարական կոմիտեի վերահսկողությանը հանձնելու պատրաստակամության մասին: Այդ մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։
Նրանց փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ-ը միեւնույն ժամանակ նամակում պայման է առաջ քաշել, ըստ որի՝ Գազայի պաշտոնյաները պետք է աշխատատեղեր ունենան նոր վարչակազմում, իսկ աշխատանքից ազատվելու դեպքում շարունակեն աշխատավարձ ստանալ։ Նշվում է, որ պաղեստինյան շարժումն այս որոշումը կայացրել է Եգիպտոսի «ուժեղ ճնշման» ներքո՝ Կահիրե ուղարկված պատվիրակության բանակցություններից հետո։
Փետրվարի 15-ին եգիպտական Al-Qahira al-Ikhbariya հեռուստաալիքին Կահիրեում կայացած բանակցություններին ծանոթ աղբյուրները հայտնել էին, որ ՀԱՄԱՍ-ը միջնորդներին տեղեկացրել է Իսրայելի հետ հրադադարի համաձայնագիրը պահպանելու եւ ապագայում Գազայի հատվածի կառավարմանը չմասնակցելու որոշման մասին։ Եգիպտոսը, ըստ աղբյուրի, ինտենսիվ խորհրդակցություններ է անցկացնում ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման շուրջ, որը պատասխանատու կլինի հատվածի բնակիչներին օգնություն տրամադրելու եւ նրանց վերականգնման համար:
Գազայի հետպատերազմյան կառավարման շուրջ բանակցությունները վերջին տարվա ընթացքում վարում էին պաղեստինյան ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ շարժումները՝ Եգիպտոսի միջնորդությամբ։ Դրա վերջին փուլը կայացել է Կահիրեում 2024 թվականի նոյեմբերին։ Արդյունքում որոշվել է ստեղծել, այսպես կոչված, Հանրային աջակցության կոմիտե, որն իր վրա կվերցնի Գազայի կառավարման ֆունկցիաները մինչ ազգային համաձայնության համապաղեստինյան կառավարության ձեւավորումը։ Եգիպտական աղբյուրները պնդում են, որ ժամանակավոր այս մարմինը, որը ստեղծվել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հրամանագրով, պետք է ներառի այնպիսի անկախ ներկայացուցիչների, որոնք, լինելով Գազայի բնիկներ, չպետք է հարեն որեւէ քաղաքական կուսակցության:
2005 թվականին որպես միակողմանի անջատման ծրագրի մաս Իսրայելը դուրս բերեց իր զորքերը Գազայի հատվածից եւ այնտեղից տարհանեց հրեական բնակավայրերի բնակիչներին: Դրանից հետո Գազայի վերահսկողությունը հանձնվեց Աբբասի գլխավորած Պաղեստինի ազգային վարչակազմին, որը կառավարում է նաեւ Հորդանան գետի արեւմտյան ափը: Սակայն այս իրադարձություններից հետո տեղի ունեցած Պաղեստինի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարան ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները, որոնք առճակատման մեջ մտան ավելի չափավոր ՖԱԹՀ շարժման հետ, ինչը հանգեցրեց Գազայի հատվածից վերջիններիս արտաքսմանը։
Վերջին շրջանում Աբբասը եւ նրա կողմնակիցները պարբերաբար հայտարարում են Գազայի վրա Պաղեստինի ազգային վարչակազմի իրավասությունը վերականգնելու ցանկության մասին, սակայն ՀԱՄԱՍ-ը դեռ պաշտոնական համաձայնություն չի տվել դրան: