Շիրակի մարզի 150 բնակիչ ունեցող Ջաջուռավանը նախկինում կոչվել է Ջաջուռի կրի գործարանի բանվորական ավան: Այստեղ գործել է կրի խոշոր գործարան: Ավագ սերնդի բնակիչները հիշում են, թե ինչպես էին աշխատում ու կիր մատակարարում Խորհրդային Միության հանրապետություններին: 1988 թվականին գործարանն ավերվել է, բնակիչներն էլ մնացել են առանց աշխատանքի:
Երբ բանվորական ավանը գյուղի կարգավիճակ է ստացել, նախկին բանվորները մնացել են առանց մշակահողերի ու արոտավայրերի. տարածքն արդյունաբերական էր, հողային ռեսուրս չուներ:
«Էլ ի՞նչ գյուղ առանց վարելահողի ու արոտավայրի: Սոված մեռիր կամ բռնիր խոպանի ճանապարհը»,- ասում են ջաջուռավանցիները:
«Խոպանչիներ» գյուղում շատ կան: Մոտ մեկ տասնյակի հասնող ընտանիքներ էլ արտագաղթել են Ռուսաստանի Դաշնություն. հետ չեն գալու:
Գյուղում արդեն իմացել են, որ ՌԴ օրենսդրությունում այս տարվանից խստացումներ են ուժի մեջ մտել, ինչի պատճառով հնարավոր է, որ այնտեղ աշխատող համագյուղացիներն անօրինական կարգավիճակում հայտնվեն եւ արտաքսվեն՝ զրկվելով Ռուսաստան մուտք գործելու հնարավորությունից, հետեւաբար՝ հաց վաստակելուց:
Ըստ նոր օրենքի, եթե Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ չունեցող երկրների քաղաքացիները կարող էին տարվա ամեն 180 օրվա ընթացքում 90 օր ժամկետով մնալ ՌԴ-ում, այժմ կարող են մնալ 90 օր՝ ամբողջ տարվա համար:
Այսքանով խստացումները չեն սահմանափակվել. եթե միգրանտի բախտը չբերի, եւ ՌԴ սահմանապահին «դուր չգա», կարող են արգելել նրա մուտքը Ռուսաստան:
«Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը «Ալիք Մեդիա»-ին տեղեկացրեց, որ Հայաստանի բնակչության 15-25 տոկոսը զբաղվածության հարցը լուծում է աշխատանքային միգրացիայով: Ըստ նրա՝ մեր երկրի ՀՆԱ-ի 12-20 տոկոսը տրանսֆերտներն են կազմել:
Փորձագետը մտահոգություն է հայտնում՝ Ռուսաստանի տվյալներով այս պահին 45-46 հազար անօրինական հայ միգրանտ կա ՌԴ ում, եւ եթե ապրիլի 30-ից հետո բոլորին արտաքսեն, մեր երկիրը կկանգնի սոցիալական մեծ խնդրի առջեւ:
«Ապրուստի միջոցից զրկված, արտաքսված քաղաքացիներին Հայաստանը չի կարողանա ապահովել զբաղվածությամբ: Վերադարձած եւ անաշխատանք մնացածների մեծ մասը շինարարներ են, իսկ մեր շինարարությունը Երեւանում է կենտրոնացած: Հեռավոր գյուղից միգրանտը չի կարող ամեն օր գնալ-գալ աշխատանքի»,- ասում է Բեժանյանը եւ հավելում, որ Երեւանում բնակարան գտնել-մնալն էլ մեկ այլ՝ անլուծելի խնդիր է. թվերն ատղաբաշխական են:
Փորձագետը նախազգուշացնում է միգրանտներին, եթե միգրանտների կասկածելի ռեեստրում հայտնվեն, շատ խնդիրների կբախվեն, օրինակ՝ անմիջապես արգելափակվում են բանկային հաշիվները, չեն կարողանա որեւէ պետական գործարք անել՝ զագս, երեխայի ծննդյան վկայական, ճանապարհատրանսպորային միջոցի կամ այլ գույքի գրանցում եւ ամենակարեւորը՝ իրավունք չեն ունենա առանց ոստիկանության թույլտվության լքելու իրենց բնակության վայրը: Բացի այդ՝ նոր օրենքը ոստիկաններին թույլ է տալիս կասկածի դեպքում կալանավորել 48 ժամ, մինչեւ կպարզվի՝ ռեեստրում գրանցված են, թե ոչ:
Բեժանյանը կոչ է անում ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցներին՝ եթե կասկած ունեն, որ վերը նշված ռեեստրում են հայտնվել, պետք է անմիջապես կանխիկացնեն բանկի գումարը եւ հնարավորինս արագ գնեն տոմս ու վերադառնան Հայաստան:
«Կարիտաս Ֆրանսիա» կազմակերպության ներկայացուցիչ Գարիկ Սահակյանն էլ մտահոգություն է հայտնում, որ ՌԴ-ում նոր օրենքը ոտնահարում է միգրանտների իրավունքները: «Քաոս է, որում մեր քաղաքացիներն են, որոնք ոչ այնքան բանիմաց, տեղեկացված մարդիկ են»: Սահակյանն ասում է՝ ելքը իրազեկվածությունն է. պետական կառույցները պետք է ավելի ակտիվ մասնակցեն այս գործընթացներում, աջակցեն իրենց քաղաքացիներին: Ըստ նրա՝ այս խնդրի լուծման գործում մեծ է նաեւ արտգործնախարարության, քաղաքացիական հասարակության եւ Սփյուռքի կազմակերպությունների դերը:
Թե ինչ է անում մեր պետությունը, որ ՌԴ-ում աշխատող քաղաքացին արտաքսվելուց հետո «սովի չմատնվի», դեռ տեսանելի չէ: Միայն մայրաքաղաքում կենտրոնացված աշխատատեղերն են էլ ավելի խորացնելու մայրաքաղաք-մարզեր անջրպետը:

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։