Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ կմեկնեն Սաուդյան Արաբիա՝ հանդիպելու ԱՄՆ ներկայացուցիչների հետ։ Այդ մասին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ հանդիպումը կկայանա փետրվարի 18-ին եւ նվիրված կլինի «ռուս-ամերիկյան հարաբերությունների ամբողջ համալիրի վերականգնմանը», ինչպես նաեւ «ուկրաինական կարգավորման հնարավոր բանակցությունների նախապատրաստմանն ու երկու նախագահների հանդիպման կազմակերպմանը»։
Պեսկովը միեւնույն ժամանակ հրաժարվել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւի Սաուդյան Արաբիա այցը մեկնաբանելուց։ Bloomberg-ը ավելի վաղ հայտնել է, որ նա միանալու էր ռուսական բանակցային թիմին։ Ըստ «Интерфакса»-ի՝ Դմիտրիեւը փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը «քննարկելու է տնտեսական համագործակցության ամրապնդման հարցերը»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքերով՝ Սաուդյան Արաբիան որպես բանակցությունների վայր է ընտրվել, քանի որ այն հարմար է ե՛ւ ռուսական, ե՛ւ ամերիկյան կողմերին։
Ավելի վաղ ռուսական եւ ամերիկյան լրատվամիջոցները հայտնեցին, որ ռուս-ամերիկյան բանակցությունները ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ կկայանան փետրվարի 18-ին Ալ-Ռիադում։
Ակնկալվում է, որ ամերիկյան կողմից բանակցություններին կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը եւ Մերձավոր Արեւելքում Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը:
Politico-ն էլ ավելի վաղ գրել էր, որ Սաուդյան Արաբիայում խաղաղ բանակցությունների մասին հաղորդագրությունները Կիեւի համար անակնկալ էին: Արդեն փետրվարի 16-ին Ուկրաինայի կառավարության պատվիրակությունը ժամանել է Սաուդյան Արաբիա՝ Վլադիմիր Զելենսկու այցը նախապատրաստելու համար։ Սակայն, Ուկրաինայի նախագահի խոսքերով, այցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ հանդիպումներ նախատեսված չեն։