Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները Ալ-Ռիադում կայացած հանդիպման արդյունքները կփոխանցեն երկու երկրների նախագահներին, որից հետո Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը կորոշեն հետագա քայլերը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Խոսելով առաջիկա բանակցությունների ակնկալիքների մասին՝ Լավրովն ասել է, որ առաջին հերթին կցանկանար լսել ԱՄՆ ներկայացուցիչներին։ «Երբ մենք գնում ենք մեր գործընկերների առաջարկի շուրջ բանակցելու, մենք առաջին հերթին ցանկանում ենք լսել նրանց։ [․․․] Այսպիսով կլսենք ամերիկացի զրուցակիցներին։ Եվ իհարկե պատրաստ ենք եւ կարձագանքենք»,- ասել է Լավրովը Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին եվրոպական երկրների հնարավոր մասնակցության մասին հարցին ի պատասխան՝ Լավրովը հայտարարել է, որ չգիտի, թե ինչու Եվրոպան պետք է մասնակցի այս բանակցություններին։ Նա հիշեցրեց 2014 թվականի Մինսկի պայմանավորվածությունները եւ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությունը, որ այդ համաձայնագրերի նպատակը հակամարտության սառեցումն էր եւ ոչ թե դրա կարգավորումը։
«Այժմ նույն Մյունխենի համաժողովում կոչեր են հնչել, մասնավորապես Ֆինլանդիայի նախագահի կողմից։ Այնտեղ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ անհրաժեշտ է նախեւառաջ հրադադար կնքել եւ այն օգտագործել Ուկրաինայի ռազմական հզորացման համար։ Այսինքն՝ եվրոպացիները նույն փիլիսոփայությունն ունեն, ուստի ես չգիտեմ, թե նրանք ինչ են անելու բանակցությունների սեղանի շուրջ։ Եթե նրանք պատրաստվում են հակամարտությունը սառեցնելու մասին ինչ-որ խորամանկ գաղափարներ առաջ քաշելու, իսկ սովորության ու իրենց բնավորության համաձայն մտքում ունենան պատերազմի շարունակությունը, ապա ինչո՞ւ նրանց հրավիրել այնտեղ»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարը։
Ավելի վաղ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել էր, որ եվրոպական երկրներին չի տեսնում Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունների մասնակիցների շարքում։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը չի ցանկանում «խոշոր խմբային քննարկման մեջ մտնել» եւ «կրկնել Մինսկը»։
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները կհանդիպեն փետրվարի 18-ին Ալ-Ռիադում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ բանակցություններ կանցկացվեն Սաուդյան Արաբիայում, որին կմասնակցի նաեւ Ուկրաինան։