Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման եւ խաղաղության համաձայնագրի շրջանակում եվրոպական երկրները դիտարկում են Ուկրաինա 25-30 հազար զինվորականի ուղարկելու հարցը: Այդ մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Եվրոպական երկրները այդ կոնտինգենտը անվանում են «զսպող» ուժ։
Այս թիվը նշված է ԵՄ երկրների՝ ԱՄՆ-ի հարցումներին ուղղված պատասխաններում։ Վաշինգտոնը ավելի վաղ եվրոպական երկրներին խնդրել էր զեկուցել Ուկրաինային աջակցելու իրենց հնարավորությունների մասին։
Ենթադրվում է, որ եվրոպացի զինվորականները չեն տեղակայվի շփման գծի մոտ, սակայն պատրաստ կլինեն «ուժ ցույց տալու», եթե ռուսական զորքերը փորձեն «վերսկսել պատերազմը»։ Բացի այդ՝ նշյալ կոնտինգենտը աջակցություն կստանա Ուկրաինայի սահմաններից դուրս տեղակայված մեծաքանակ այլ զորքերից, «եթե ուժերն արագորեն կրկնապատկելու եւ առաջ շարժվելու անհրաժեշտություն առաջանա»։
Առավել հստակ թվեր է նշել Ֆրանսիան, որը հայտարարել է, որ կարող է մոտ 10 հազար զինվորականի տրամադրել։
AFP գործակալությունը, հղում կատարելով աղբյուրին, գրում է, որ Գերմանիան դեմ է խաղաղապահ առաքելության համար Ուկրաինա զորքեր ուղարկելուն, եթե ԱՄՆ-ը դրանում ներգրավվածություն չի ունենալու։ «Մենք մասնակցություն չենք ունենա այնպիսի սցենարների մեջ, որոնցում եվրոպական եւ ամերիկյան անվտանգության քաղաքականությունները տարբերվում են, օրինակ, եթե եվրոպացի զինվորները տեղակայվեն առանց ԱՄՆ-ի լիարժեք մասնակցության»,- ասել է Գերմանիայի կառավարությունից գործակալության աղբյուրը:
Գերմանիայի կառավարության խոսնակ Քրիստիանա Հոֆմանն էլ հայտարարել է, որ նախ պետք է սպասել եւ տեսնել, թե արդյոք խաղաղություն կհաստատվի Ուկրաինայում, կամ հաստատվելուց հետո դա ինչպիսին կլինի։ Ըստ նրա՝ միայն այս հստակություններից հետո կարելի է խոսել պայմանների մասին եւ հասկանալ, թե ինչ կարող են եվրոպացիները։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը փետրվարի 16-ին The Telegraph-ում հրապարակած հոդվածում հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը պատրաստ է իր զորքերը ուղարկելու Ուկրաինա՝ հրադադարի հնարավոր համաձայնագրի անվտանգության երաշխիքներն ապահովելու համար։