Ելիսեյան պալատում նախօրեին կայացավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավիրած եվրոպացի առաջնորդների արտակարգ գագաթնաժողովը։ Դրանում քննարկվող հիմնական թեմաներն էին Եվրոպայի անվտանգությունը եւ ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները։
Գագաթնաժողովին, ի թիվս այլոց, մասնակցել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնին եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Գագաթնաժողովի ավարտից հետո որոշումներ չեն հայտարարվել, իսկ երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն չեն հրապարակել։
Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ գագաթնաժողովում «պարտադիր որոշումներ» չեն ընդունվել։ Նրա խոսքով՝ հանդիպման բոլոր մասնակիցները «միանման տեսակետներ» են ունեցել բոլոր առանցքային հարցերի վերաբերյալ։ Միեւնույն ժամանակ նա չի մանրամասնել, թե ինչ առանցքային հարցեր են քննարկվել։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նշել է, որ այժմ «ոչ միայն վտանգված է Ուկրաինայի ապագան, այլեւ դրված է ամբողջ Եվրոպայի գոյության հարցը»։
«Միայն Ուկրաինայի ինքնիշխանությունը պաշտպանող տեւական խաղաղության հաստատումը Պուտինին հետ կպահի հետագա ագրեսիայից»,- ասել է Միացյալ Թագավորության վարչապետը։
Նա եւս մեկ անգամ կրկնել է որպես խաղաղ համաձայնագրի մաս Ուկրաինայում բրիտանական զորքերի տեղակայման հարցը դիտարկելու պատրաստակամության մասին։
«Այս պահին մենք պետք է գիտակցենք, որ թեւակոխում ենք նոր դարաշրջան, եւ դադարենք հուսահատորեն կառչել անցյալի հարմարավետությունից: Ժամանակն է, որ մենք պատասխանատվություն ստանձնենք մեր անվտանգության, մեր մայրցամաքի համար»,- ասել է Սթարմերը:
Լրագրողները նրան հարցրել են, թե որքան լուրջ հարված է հասցրել ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիային, Եվրոպային եւ Ուկրաինային՝ միակողմանիորեն բանակցությունները սկսելով Ռուսաստանի հետ։ Սրան ի պատասխան Սթարմերն ընդգծել է, որ որ ԱՄՆ-ը ցանկանում է կայուն խաղաղություն, այսինքն՝ նույնը, ինչ Լոնդոնը, եվրոպական երկրները եւ Կիեւը։ Միաժամանակ նա նշել է, որ Ուկրաինան պետք է հնարավորինս շահեկան վիճակում լինի, եթե բանակցությունները սկսվեն, կամ ռազմական գործողությունները շարունակվեն։
Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ Ուկրաինային առաջարկվող ցանկացած երաշխիք պետք է ներառի ԱՄՆ-ի աջակցությունը, քանի որ դա «միակ ճանապարհն է» Ռուսաստանին ապագայում հետագա հարձակումներից արդյունավետորեն զսպելու համար։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էլ հայտարարել է, որ Ուկրաինայում անվտանգության ապահովման եւ խաղաղության հասնելու հարցում «չպետք է լինի պատասխանատվության բաժանում Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների միջեւ»։ Նա Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու մասին քննարկումները անվանել է «չափազանց անպատշաճ» եւ «վաղաժամ», քանի որ Ռուսաստանը շարունակում է պատերազմել Ուկրաինայի դեմ, եւ ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի հնարավոր խաղաղությունը:
«Ինձ նույնիսկ մի քիչ նյարդայնացնում են այս բանավեճերը, սա ուզում եմ միանգամայն բաց ասել։ Այստեղ, շրջանցելով ուկրաինացիներին, քննարկվում են դեռեւս չկայացած խաղաղ բանակցությունների հնարավոր արդյունքները։ Սա չափազանց անտեղի է, եթե անկեղծ եւ ուղիղ ասենք»,- ասել է Շոլցը:
Եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովը տեղի է ունեցել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպման նախօրեին, որը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 18-ին, Ալ-Ռիադում։ Վաշինգտոնի ներկայացուցիչների թվում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը եւ Մերձավոր Արեւելքում Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Ռուսաստանը հանդիպմանը ներկայացնում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ուկրաինայի եւ Եվրոպայի ներկայացուցիչները չեն մասնակցի բանակցություններին.