Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը փետրվարի 17-ին Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆիի հետ։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաեւ համագործակցության հեռանկարները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առեւտուրը, ներդրումները, բեռնափոխադրումները, նավթագազային հատվածը, էներգետիկ ոլորտն ու հումանիտար հարցերը:
«Վերանայվել է ավտոմոբիլային եւ երկաթուղային հաղորդակցությունների հաստատման, Իրանի տարածքով Արեւելյան Զանգեզուր-Նախիջեւան տրանսպորտային ենթակառուցվածքի կառուցման, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման եւ այլ նախագծերի իրականացման ընթացքը»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ Ասադովը Իրան է ժամանել Կասպիական երրորդ տնտեսական ֆորումին մասնակցելու համար։ Ֆորումի աշխատանքներին մասնակցում են նաեւ Ռուսաստանի, Թուրքմենստանի եւ Ղազախստանի վարչապետները։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունվարի վերջին Երեւանից կրկին պահանջել է Հայաստանի տարածքով անարգել եւ առանց ստուգումների անցում ապահովել դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն։
Բաքվից հնչող այս հայտարարություններից հետո Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարեց, որ Թեհրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին» եւ այս հարցում Հայաստանի կողքին է։
«Մենք Հայաստանի հետ այս հարցում տարաձայնություն չունենք եւ միատեսակ ենք մտածում։ «Զանգեզուրի միջանցքը» վնաս է ե՛ւ Իրանին, ե՛ւ Հայաստանին»,- ասել է Սոբհանին։
Կրկնելով Թեհրանից բազմիցս հնչած դիրքորոշումները՝ Սոբհանին նշել է, որ Իրանը դեմ է միջանցքային տրամաբանությանը եւ այն ամենին, ինչը կարող է հանգեցնել սահմանների փոփոխության
Երեւանը բազմիցս է հայտարարել, որ դեմ է արտատարածքային միջանցք ենթադրող ցանկացած պահանջի՝ միեւնույն ժամանակ հայտարարելով, որ պատրաստ է ապահովելու Ադրբեջանի տարածքից դեպի Նախիջեւան անցումը՝ հիմնված երկրների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության փոխադարձ հարգման վրա։