Ալ-Ռիադում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները։ Այդ մասին, «Интерфакс»-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Հանդիպումը տեւել է 4,5 ժամ։
Բացի Ուշակովից՝ Ռուսաստանը բանակցություններին ներկայացրել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ Ամերիկյան կողմից հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Բանակցություններին ներկա է եղել նաեւ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ-Սաուդը։
ՌԴ նախագահի օգնականի հաղորդմամբ՝ ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև ռուս-ուկրաինական պատերազմը։
«Այո՛, մենք քննարկեցինք [այս թեման] և ուրվագծեցինք մեր հիմնարար մոտեցումները։ Նաեւ պայմանավորվեցինք, որ այս թեմայով բանակցողների առանձին թիմերը կապի մեջ կմտնեն ժամանակին»,- ասել է Ուշակովը:
Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի հայտարարության մեջ էլ նշվում է, որ Լավրովն ու Ռուբիոն պայմանավորվել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար բարձր մակարդակի բանակցային թիմեր կազմավորել։
Բացի այդ՝ նշվում է, որ պայմանվորվածություն է ձեռք բերվել ստեղծել հատուկ խորհրդատվական մեխանիզմ՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում առկա «զգայուն» հարցերը վերացնելու համար։ Կողմերը պայմանավորվել են նաեւ համագործակցել ընդհանուր աշխարհաքաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի եւ տնտեսության ու ներդրումների ոլորտում։
Ուշակովը նաեւ նշել է, որ քննարկվել է նաեւ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպումը։ Նա նշել է, որ այն դժվար թե կայանա հաջորդ շաբաթ։
«Այդ հարցը քննարկվել է, մենք կաշխատենք պայմաններ ստեղծել նման հանդիպման համար»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը։
Նա նաեւ նշել է, որ բանակցություները «վատ ընթացք չեն ունեցել»։
«Մենք պայմանավորվեցինք հաշվի առնել միմյանց շահերը՝ միաժամանակ խթանելով երկկողմ հարաբերությունները։ Դրանով շահագրգռված են ե՛ւ Մոսկվան, ե՛ւ Վաշինգտոնը»,- ասել է Ուշակովը։
Հարցին, թե արդյոք Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մերձենում են, ՌԴ նախագահի օգնականը պատասխանել է, որ առայժմ «դժվար է ասել», բայց «այդ մասին խոսակցություն եղել է»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի ճանաչի Ալ-Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների արդյունքները։