Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման համար Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մշակել են եռափուլ ծրագիր։ Այդ մասին հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայում այսօր կայացած բանակցությունների բովանդակությանը իրազեկ դիվանագետներին, որոնց անունները չեն նշվում։
Ծրագիրը, ըստ աղբյուրների, ենթադրում է հրադադարի հաստատում, Ուկրաինայում ընտրությունների անցկացում, իսկ հետո միայն վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրում։
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Ուկրաինայում ընտրությունները դիտարկում են որպես «կարգավորման գործընթացի հաջողության բանալի», հայտնել են Fox News-ի աղբյուրները։ Ըստ հեռուսատաալիքի՝ այս պայմանը վեճեր կառաջացնի կողմերի միջեւ, քանի որ Ռուսաստանը «իրական ընտրություններ չի անցկացնում», իսկ Ուկրաինան չի ընդունի «ռուսամետ խամաճիկ նախագահ նշանակելու հեռանկարը»։
«Պուտինը բավական մեծ է գնահատում խամաճիկ նախագահի ընտրվելու հավանականությունը, ինչպես նաեւ համոզված է, որ ցանկացած այլ թեկնածու, բացի Ուկրաինայի ներկայիս նախագահից [Վոլոդիմիր Զելենսկուց], կլինի ավելի ճկուն եւ պատրաստ բանակցությունների ու զիջումների։ Իր հերթին [ԱՄՆ նախագահ] Դոնալդ Թրամփը պատրաստ է ընդունելու ընտրությունների ցանկացած արդյունք՝ ներառյալ ռուսամետ խամաճիկի ընտրության հնարավորությունը»,- նշել են հեռուստաալիքի աղբյուրները։
Ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման համանման ծրագրի մասին հայտնել է նաեւ Եվրախորհրդարանի պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին՝ հղում կատարելով աղբյուրներին։ Պլանի այն հատվածը, որը նախատեսում է ընտրություններ, նախքան համաձայնագրի ստորագրումը նա անվանել է «Թրամփի նվերը Պուտինին»։
«Մեզ՝ եվրոպացիներիս համար պետք է բացարձակապես պարզ լինի, որ ընտրությունները [Ուկրաինայում] պետք է տեղի ունենան եզրափակիչ փուլից հետո, ոչ թե դրանից առաջ։ Այդ թվում այն պատճառով, որ վերջնական համաձայնագիրը չի կարող լինել ընտրություններում ռուսամետ թեկնածուի հաղթանակի արդյունք»,- ասել է Լագոդինսկին։
BREAKING: According to my sources: the proposal by #Trump consists of 3 stages:
1) a ceasefire
2) ELECTIONS in Ukraine
3) signing of a final agreement.This is complete fulfillment of all #Putin desires.
Especially the election part is a gift by Trump to Putin. Putin…
— Sergey Lagodinsky (@SLagodinsky) February 18, 2025
Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ Ուկրաինայի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել պատերազմը դադարեցնելու ծրագրի մասին հաղորդագրությունները։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում բանակցություններ են վարել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունները։ Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը եւ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հնարավոր բանակցությունների նախապատրաստումը։
Ուկրաինայի ներկայացուցիչները չեն մասնակցել հանդիպմանը։