Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիեւը երբեք չի ենթարկվի Ռուսաստանի վերջնագրերին։ Այդ մասին նա ասել է Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով ռուս-ամերիկյան բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Սաուդյան Արաբիայում։
Զելենսկին բացատրել է, որ պատերազմի սկզբում Ռուսաստանը վերջնագիր էր ներկայացրել Ուկրաինային, մասնավորապես պահանջելով կրճատել Ուկրաինայի զինված ուժերի թիվը, Դոնբասն ու Ղրիմը ճանաչել Ռուսաստանի մաս, իսկ երկրի ղեկավարությունը փոխարինել ռուսամետ կառավարությունով։
«Եվ ինձ մոտ տպավորություն է, որ հիմա ինչ-որ բանակցություններ են ընթանում, եւ դրանք ընթանում են նույն տրամադրությամբ, բայց դրանք ընթանում են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջեւ։ Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի։ Հետաքրքիր է, եթե ամենադժվար պահին մենք չենք ընդունել այդ բոլոր վերջնագրերը, ապա որտեղի՞ց է գալիս այս զգացումը, որ Ուկրաինան հիմա կընդունի դրանք»,- ասել է Զելենսկին։
Նա հավելել է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ ոչ մի պայմանավորվածություն չի եղել «Կիեւի շրջանի օկուպացիայի ժամանակ, ոչ մի պայմանավորվածություն չի եղել Բելառուսի հանդիպման ժամանակ, ոչ մի պայմանավորվածություն չի եղել Թուրքիայում կայացած հանդիպման ժամանակ»:
Զելենսկին ընդգծել է, որ որպես Ուկրաինայի նախագահ՝ որեւէ մեկին, որեւէ բան չի խոստացել կամ երաշխավորել, չի ընդունել վերջնագրերը ու չի ընդունի հիմա։