Ռուս-ամերիկյան բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը պայմանավորվել են վերականգնել երկու երկրների դեսպանատների անձնակազմի նախկին թիվը։ Նրա խոսքերը մեջբերում է Associated Press-ը։
«Մեզ անհրաժեշտ կլինեն ակտիվ դիվանագիտական ներկայացուցչություններ, որոնք ի վիճակի կլինեն նորմալ գործելու, որպեսզի կարողանանք շարունակել այդ շփումները»,- ասել է Ռուբիոն։
Ռուսական եւ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների թվի կրճատումը սկսվել է 2016 թվականի վերջին, երբ ԱՄՆ նախագահը Բարաք Օբաման էր։ Այնուհետեւ Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց, որից հետո 35 ռուս դիվանագետներ վտարվեցին ԱՄՆ-ից։
2017 թվականի հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ի պատասխան հակառուսական պատժամիջոցների խստացման՝ Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների թիվը կկրճատվի 755 հոգով։
ՌԴ եւ ԱՄՆ ներկայացուցիչների բանակցությունները կայացել են այսօր Սաուդյան Արաբիայում։ Դրանք, ի թիվս այլ հարցերի, ներառում էին նաեւ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին վերաբերող հարցերը։
Բանակցությունների արդյունքների վերաբերյալ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում սկսել ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը։
Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ը դեռ պետք է տեղեկացնի Մոսկվային, թե ով է ներկայացնելու ամերիկյան կողմը ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունների ժամանակ։ «Հենց որ իմանանք համապատասխան ներկայացուցչի անունն ու պաշտոնը, մենք […] անմիջապես կնշանակենք այս գործընթացի մեր մասնակցին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։