Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի եւ ԱՄՆ պատվիրակությունների բանակցություններից հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Ուկրաինային եւ հայտարարել, որ հիասթափված է Կիեւի արձագանքից։ Այդ մասին հայտնում է BBC-ն։
Նախօրեին Ալ-Ռիադում կայացած բանակցություններին ուկրաինական պատվիրակությունը չէր մասնակցում։
«Լսել եմ, որ հիասթափված են, որ տեղ չունեն [բանակցային սեղանի շուրջ], բայց նրանք երեք տարի եւ դրանից շատ առաջ տեղ ունեցել են։ Դա կարելի էր հեշտորեն հարթեցնել»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ Ֆլորիդայի առանձնատանը պատասխանելով լրագրողի հարցին։
«Դուք կկարողանայիք գործարք կնքել»,- հավելել է Թրամփը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել էր, որ Ռիադում ռուս-ամերիկյան հանդիպումն անակնկալ էր Կիևի համար։ Նա եւս մեկ անգամ կրկնել է, որ պատերազմը դադարեցնելու որոշում չի կարող կայացվել առանց Ուկրաինայի։
Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը ցանկացել էր, որ Զելենսկին նույնպես մասնակցի բանակցություններին, սակայն Վաշինգտոնն ու Մոսկվան պնդել էին, որ հանդիպումը կայանար առանց Ուկրաինայի մասնակցության։
Թրամփը նաեւ լրագրողներին ասել է, որ Վլադիմիր Զելենսկու վարկանիշն իբր «իջել է 4%-ի», և երկրին ընտրություններ են պետք՝ դրանով իսկ, ըստ էության, կրկնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հիմնական թեզերից մեկը։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «շատ ավելի վստահ է» Սաուդյան Արաբիայում բանակցություններից հետո խաղաղության համաձայնագրի հասնելու հարցում:
«Դրանք շատ լավ են ընթացել։ Ռուսաստանը ցանկանում է ինչ-որ բան անել։ Նրանք ցանկանում են դադարեցնել վայրի բարբարոսությունը։ Կարծում եմ, որ ես ուժ ունեմ պատերազմին վերջ տալու համար եւ կարծում եմ, որ ամեն ինչ շատ լավ է ընթանում»,- ասել է Թրամփը։
Նա նաեւ հայտարարել է, որ աջակցում է եվրոպացի խաղաղապահների Ուկրաինա ուղարկելուն, եթե պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնություն ձեռք բերվի։
«Եթե նրանք ցանկանում են դա անել, դա հիանալի է, ես ամբողջովին կողմ եմ դրան»,- ասել է Թրամփը:
Ալ-Ռիադում կայացած բանակցությունները Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի առաջին բարձր մակարդակի հանդիպումն էին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։
Դրան հաջորդած ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան չի ընդունի Ուկրաինայում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի տեղակայումը ոչ մի խաղաղության համաձայնագրով։
«Ցանկացած այլ դրոշի տակ ռազմական ուժերի հայտնվելը ոչինչ չի փոխում։ Սա, իհարկե, լիովին անընդունելի է»,- հայտարարել է Լավրովը։
Նա կրկնել է ավելի վաղ արված հայտարարությունները, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը եւ դրան Ուկրաինայի անդամակցությունը ուղղակի սպառնալիք կլինեն Ռուսաստանի համար։