Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը ներկայում չի պատրաստվում ցամաքային զորքեր ուղարկելու Ուկրաինայի տարածք։
Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում ԱՄՆ դիրքորոշման անորոշությունը ռազմավարական ճնշում է գործադրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա։ Ֆրանսիայի նախագահի գնահատմամբ հենց ամերիկյան զորքերի ուղարկման այս անորոշությունն է, որ կարող է օգտակար լինել Արեւմուտքի համար։
«Ես երբեւէ չեմ հայտարարել ֆրանսիական ցամաքային զորքեր ուղարկելու մասին […]: Մենք մտածում ենք անվտանգության երաշխիքների մասին։ Հենց այս ռազմավարական երկիմաստությունն է իր հետ բերում Դոնալդ Թրամփի ընտրությունը։ Սա ռազմավարական անորոշություն է ստեղծում»,- հայտարարել է Մակրոնը, որի խոսքերը մեջբերում է La Depeche պարբերականը։
Ֆրանսիայի նախագահը նաեւ հավելել է, որ պատրաստ է բանակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Իհարկե, ես նորից կխոսեմ նրա հետ, եթե դա օգտակար լինի այս իրավիճակում»,- եզրափակել է Մակրոնը։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել էր, որ Վաշինգտոնը կարող է «ե՛ւ տնտեսական, ե՛ւ ռազմական ճնշման գործիքներ կիրառել» Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան հրաժարվի հակամարտության կարգավորումից: Նա ընդգծել էր, որ Վաշինգտոնի խնդիրը այժմ ռուսական կողմին համոզելն է, որ վերջիններս բանակցությունների սեղանի շուրջ ավելի շատ բանի կարող են հասնել, քան մարտի դաշտում։
Փետրվարի 17-ին եվրոպացի առաջնորդները հանդիպում ունեցան Փարիզում կազմակերպված արտակարգ գագաթնաժողովի շրջանակում: Մասնակիցների հայտարարություններից հետեւում է, որ հանդիպմանը այդպես էլ չի հաջողվել միասնական դիրքորոշում ձեւավորել հակամարտության դադարեցումից հետո Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցում։ Խաղապահներ ուղարկելուն դեմ են արտահայտվել Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի եւ Իսպանիայի ղեկավարները, մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը թե՛ գագաթնաժողովից առաջ ե՛ւ թե գագաթանժողովի ընթացքում հայտարարել էր ուկրաինական տարածքում խաղաղապահներ տեղակայելու անհրաժեշտության ու պատրաստակամության մասին։