Եվրամիության խորհրդի կողմից Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը ցույց է տալիս, որ Բրյուսելն առաքելության աշխատանքն օգտակար գործիք է համարում Հարավային Կովկասի կայունությանը նպաստելու գործում։ Այդ մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
Նրա խոսքերով՝ 2023 թվականի փետրվարից՝ հայ-ադրբեջանական սահմանին առաքելության գործունեության առաջին իսկ օրվանից, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային միջադեպերը զգալիորեն նվազել են։
«Ակնհայտ է, որ մեր՝ 2023 թվականի փետրվարի 23-ին Հայաստան ժամանելուց հետո, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանի եւ հսկողության գծի երկայնքով միջադեպերի թիվը զգալիորեն նվազել է։ Համոզված եմ, որ դա նույնպես մեր ազդեցությունն է, մեր պարեկությունը սահմանի երկայնքով, եւ մեր ներկայությունն է, որ օգնում է նվազեցնելու միջադեպերը: Ոչ միայն մենք, այլ նաեւ քաղաքական միջավայրը, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցություններն են, որ օգնում են միջադեպերի նվազմանը։ Վստահ եմ, որ մեր ներկայությամբ մենք աջակցում ենք այս ընդհանուր գործընթացին»,- ասել է Ռիտերը:
Անդրադառնալով իր գլխավորած ԵՄ առաքելության շուրջ Բաքվից հնչող դժգոհություններին ու լրտեսության մեղադրանքներին՝ Ռիտերը նշել է, որ դրա գործունեության մեկնարկից հետո «ժողովուրդն իրեն ավելի ապահով ու անվտանգ է զգում», իսկ պարեկային ծառայությունն իրականացվում է թե՛ հայկական եւ թե՛ ադրբեջանական կողմի համար տեսանելի պայմաններում։
«Ինչ վերաբերում է հետախուզական աշխատանքի մեղադրանքին, ապա դա կա հենց առաջին օրվանից, երբ մենք այստեղ ենք, իսկ մենք արել ենք նույնը, ինչ անում ենք հիմա: Մենք երբեք չենք փոխում սա։ Մենք բացահայտ պարեկություն ենք իրականացնում սահմանի եւ հսկողության գծի երկայնքով։ Երբ մենք հայտնվում ենք սահմանի ինչ-որ տեղում, միշտ մնում ենք այնպիսի դիրքում, որ երկու կողմերն էլ տեսնեն, որ մենք այնտեղ ենք։ Ամեն ինչ տեսանելի է, թե ինչ ենք անում: Մենք հետեւում ենք, թե ինչ է կատարվում սահմանին։ Դա նշանակում է, որ մենք ոչ միայն նայում ենք, թե ինչ է անում ադրբեջանական կողմը, մենք նաեւ հետեւում ենք, թե ինչ է անում հայկական կողմը, քանի որ Բրյուսելը ցանկանում է իմանալ մեզնից՝ ինչպես է իրավիճակը սահմանին։ Նրանք չեն ուզում, որ մենք իմանանք, թե ինչ է անում Ադրբեջանը. այսպիսով՝ մենք դիտարկում ենք երկու կողմերին էլ, քանի որ ցանկանում ենք իրավիճակի մասին հաշվետվություն տալ Բրյուսելին, թե ինչ է կատարվում»,- նշել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը:
Ռիտերի խոսքերով՝ նույնիսկ այն պարեկություններին, որոնց առաքելությունը գնում է ուղեկցորդներով, մեկ շաբաթ առաջ հատուկ ներկայացուցչի գրասենյակի միջոցով ծանուցում է ուղարկվում Բաքվին, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմը նախապես գիտի, թե ուր են գնում պարեկները եւ որտեղ են հայտնվում:
Թե ինչու է Բաքուն այդպիսի հայտարարություններ հնչեցնում, ըստ Ռիտերի, պետք է հարցնել հենց Բաքվին։
«Համենայն դեպս, մենք երկու կողմերի համար էլ հարմար չենք, քանի որ այս հակամարտության գոտի ենք բերում միջազգային ինչ-որ տեսակետ: Դա հայկական եւ ադրբեջանական կողմերի համար նշանակում է, որ նրանք պարզապես չեն կարող ինչ-որ բան սկսել՝ առանց կատարվողի մասին մեր՝ միջազգային հանրության եւ հատկապես Բրյուսելի իմացության»,- նշել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը:
Պատասխանելով հարցին, թե ինչպիսի դիրքորոշում ունի առաքելությունը սահմանների արդեն սահմանազատված հատվածից ԵՄ դիտորդներին հեռացնելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկի շուրջ, որը ներկայացվել էր ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունների, Ռիտերը նշել է, որ «դա մեզ սահմանից հեռացնելու մասին չէ»։
«Անցած տարեվերջին ես հանդիպում ունեցա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, եւ մենք քննարկեցինք դա։ Դա մեզ սահմանից հեռացնելու մասին չէ, այլ այն մասին է, որ սահմանամերձ տարածքներում, որոնք համաձայնեցված, սահմանազատված եւ հստակ նշված են, այլեւս կարիք չկա, որ մենք ուղղակիորեն գնանք սահման: Մեզ համար լավ է այլեւս չներկայանալ սահմանամերձ գոտում, բայց դա չի նշանակում, որ մենք չենք շարունակելու այցելել գյուղեր, ֆերմաներ՝ սահմաններից ներս տեղակայված մարդկանց հետ զրուցելու համար: Եթե Հայաստանի կառավարությունը եւ ադրբեջանական կողմը համաձայնեն, որ մենք չպետք է պարեկություն կատարենք ուղղակիորեն արդեն հստակ սահմանազատված սահմանային շրջաններում, մենք դրանում խնդիր չենք տեսնում»,- նշել է Ռիտերը:
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը նաեւ նշել է, որ թեեւ ներկա պահին սահմանին միջադեպեր չկան, այնուամենայնիվ, թե՛ ադրբեջանական եւ թե՛ հայակական կողմը ամրապնդում են իրենց դիրքերը՝ շարունակելով պատրաստվել ավելի վատ զարգացումների։
«Բայց մենք այս պահին լարվածություն չենք տեսնում, եւ սա ամսից ի վեր է, ուստի մենք բավականին վստահ ենք, որ տարածաշրջանը լավ ուղու վրա է»,- նշել է Ռիտերը:
Հարցազրույցի եզրափակիչ հատվածում նա հաստակեցրել է, որ առաքելության չափը եւ գործունեությունը կշարունակեն նույնը մնալ։
«Դա նշանակում է նախ պարեկություն եւ հաշվետվություն ներկայացնել սահմանի եւ առճակատման գծի երկայնքով: Երկրորդը մեր, այսպես կոչված, մարդկային անվտանգության պարեկությունն է, որպեսզի հակամարտությունից տուժած տարածքներում տեղի բնակչության անվտանգության եւ ապահովության զգացումը բարձրացվի: Եվ երրորդն այն քայլերն են, որոնք նպաստում են վստահության ամրապնդմանը»,- նշել է Մարկուս Ռիտերը: