Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը ժամանել է Կիեւ։ Սա նրա առաջին այցն է Ուկրաինա հունվարին այդ պաշտոնում նշանակվելուց հետո։ Ինչպես եվորպացի մյուս առաջնորդները, նա նույնպես Կիեւ ժամանել է գնացքով։
«Մենք կլսենք: Այնուհետեւ ես կվերադառնամ Միացյալ Նահանգներ եւ կխոսեմ նախագահ Թրամփի հետ, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ ճիշտ ենք հասկանում»,- ասաց Քելլոգը լրագրողներին ժամանելուն պես:
Քելլոգը նաեւ հայտարարել է, որ «հրաշալի զրույց» կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները հասկանում է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը եւ պատրաստ է «տրամադրելու անհրաժեշտ ամեն ինչ»։
Այցը տեղի է ունենում վերջին օրերին ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պաշտոնյաների հնչեցրած կոշտ հայտարարությունների ֆոնին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին կողմ արտահայտվեց Ուկրաինայում ընտրությունների անցկացմանը, ինչպես նաեւ Կիեւին մեղադրեց վերջին երեք տարիների ընթացքում Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնության հասնելու փորձերի ձախողման համար։
Ուկրաինայի նախագահն էլ, դժգոհություն հայտնելով Ալ-Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունների մեջ չներգրավվելու համար, հայտարարել էր, որ Կիեւը երբեք չի ընդունի հակամարտության կարգավորման վերաբերյալ այն որոշումները, որոնք կայացվել են առանց Ուկրաինայի մասնակցության։
Բացի այդ՝ ԱՄՆ-ը եւ Ուկրաինան, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, տարաձայնություններ ունեն հազվագյուտ հողային մետաղների արդյունահանման ոլորտում համագործակցության համաձայնագրի նախագծի հետ կապված։ Ուկրաինան մինչ այժմ հրաժարվում է առաջարկվող նախագիծը ստորագրելուց, ինչը դժգոհություն է առաջացրել Սպիտակ տանը։
Քելլոգը բազմիցս է հայտարարել է, որ ե՛ւ Ուկրաինան, ե՛ւ Ռուսաստանը պետք է զիջումների գնան խաղաղության հասնելու համար։ Վերջին շաբաթվա ընթացքում նա հանդիպել է ԵՄ երկրների ներկայացուցիչների հետ։ Միաժամանակ նա ուղղակիորեն հայտարարեց, որ չի տեսնում ԵՄ ներկայացուցիչներին բանակցությունների սեղանի շուրջ, թեեւ ԱՄՆ-ը պատրաստ է հաշվի առնելու նրանց դիրքորոշումը։