Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 19-ին հրավիրած մամուլի ասուլիսում պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որն ավելի վաղ կոչ էր արել Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել։
«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ինձ փոխել հնց հիմա, ապա դա հենց հիմա չի աշխատի»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Թրամփի հայտարարություններն այն մասին, թե իր վստահության վարկանիշը անկում է ապրել եւ հասել է 4%-ի, հիմնված են Ռուսաստանից ստացված տեղեկության վրա։
«Մենք դա հասկանում ենք եւ ունենք ապացույցներ, որ այդ թվերը քննարկվում են Ամերիկայի եւ Ռուսաստանի միջեւ»,- նշել է Զելենսկին։
Նա նաեւ քննադատել է Թրամփի վարչակազմին, իր գնահատմամբ, Ռուսաստանի նկատմամբ «քաղաքականությունը մեղմելու» եւ ուկրաինական պատերազմը «տարածքային ամբողջականության խախտում» եւ «կոնֆլիկտ» անվանելու համար։
«Ուկրաինան անում է ամեն բան, որ պատերազմը պատերազմ կոչվի»,- նշել է Զելենսկին։
Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը (KIIS) փետրվարի 19-ին հայտնել է, որ փետրվարի 4-9-ը անցկացված հարցման համաձայն՝ Վլադիմիր Զելենսկուն վստահում է ուկրաինացիների 57%-ը։ Նշվում է, որ բնակչության միայն 37%-ն է բացասական պատասխան տվել։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 18-ին հայտարարել է, որ Զելենսկու վարկանիշը նվազել եւ հասել է 4%-ի։ Թրամփը նաեւ քննադատել էր Զելենսկուն՝ նրան պատասխանատու համարելով ռուս-ուկրաինական լայնամասշտաբ պատերազմի համար, եւ կոչ արել Ուկրաինայում նոր նախագահական ընտրություններ անցկացնել։