Հաջորդ շաբաթ Ռուսաստանի եւ Սիրիայի միջեւ նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ։ Այդ մասին Ռուսաստանի Պետդումայում հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովը նաեւ հիշեցրել է, որ ավելի վաղ Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովի գլխավորությամբ այց էր կատարել Դամասկոս։ Սա նախորդել էր Ռուսաստանի Դաշնության եւ Սիրիայի ղեկավարների հեռախոսազրույցին։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Սիրիայի իշխանությունների ներկայիս ներկայացուցիչները «հաստատում են երկրների միջեւ հարաբերությունների պատմական եւ ռազմավարական բնույթը հարգելու անհրաժեշտությունը»։
Լավրովը նաեւ ընդգծել է, որ Սիրիայի համար բանակցությունների կենտրոնական թեման լիբիական սցենարի կրկնության կանխումն է, «երբ ՆԱՏՕ-ի ագրեսիայի հետեւանքով Լիբիան կորցրեց իր պետականությունը, պառակտվեց եւ արդեն 15 տարի է՝ չի կարողանում իրեն միավորել»։
Հիշեցնենք` ռուսական պատվիրակությունը ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի գլխավորությամբ Դամասկոս ժամանել էր հունվարի 28-ին։ Սա ռուսական պատվիրակության առաջին այցն էր Սիրիա երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Սիրիական SANA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Սիրիայի նոր վարչակազմը փոխհատուցում է պահանջել ռուսական պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ։
Փետրվարի 12-ին էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարաայի հետ։
Սիրիական կողմի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը պատրաստակամություն է հայտնել վերանայելու Արաբական Հանրապետության նախորդ կառավարության հետ կնքած համաձայնագրերը։
Ալ-Շարաան էլ անդրադարձել է երկու երկրների միջեւ ռազմավարական հարաբերությունների առկայությանը եւ նշել, որ Սիրիան բաց է բոլոր կողմերի համար՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ դա պետք է բխի սիրիացի ժողովրդի շահերից եւ նպաստի Սիրիայում անվտանգության եւ կայունության ամրապնդմանը։