Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «բարձր» է գնահատում ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքները, որոնք տեղի են ունեցել փետրվարի 18-ին Ալ-Ռիադում։ Նրա խոսքերը մեջբերում է «Интерфакс»-ը։
«Այո՛, ես տեղեկացված եմ [բանակցությունների արդյունքների մասին]։ Ես դրանք բարձր եմ գնահատում: Արդյունք կա»,- ասել է Պուտինը Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Նա նաեւ հաստատել է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը «համաձայնել են վերսկսել դիվանագիտական առաքելությունների բնականոն աշխատանքը»։ Այդ մասին նախօրեին հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ՌԴ նախագահի խոսքով՝ դիվանագիտական առաքելությունների աշխատանքին խոչընդոտելը «ոչ մի լավ բանի չի հանգեցնի»։
«Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա այդ շենքերում կաշխատեն միայն հավաքարարները»,- նշել է ՌԴ նախագահը։
Պուտինի խոսքերով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն տեղեկացրել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ բանակցային գործընթացը տեղի է ունենալու Ուկրաինայի մասնակցությամբ, եւ ոչ ոք Կիեւին չի բացառում բանակցություններից։
Նա նաեւ նշել է, որ Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են տնտնեսական հարաբերությունները, էներգետիկան եւ տիեզերքը։
ՌԴ նախագահը հավելել է, որ Թրամփի հետ հանդիպելու ցանկություն ունի, սակայն հանդիպմանը պետք է նախապատրաստել՝ արդյունքների հասնելու համար։
«Ես հաճույքով կհանդիպեմ Թրամփին, վաղուց չեմ տեսել նրան»,- ասել է Պուտինը։