ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ բանակցություններում առավելություն ունի պատերազմը դադարեցնելու հարցում, հայտնում է AFP-ը փետրվարի 20-ին։
«Կարծում եմ, որ ռուսները ցանկանում են, որ պատերազմը ավարտվի… Բայց ես կարծում եմ, որ նրանք ունեն առավելություններ։ Քանի որ նրանք շատ տարածքներ են գրավել, ուստի նրանք առավելություններ ունեն»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում կայացած ռուս-ամերիկյան բանակցություններից հետո Դոնալդ Թրամփը սուր քննադատության է ենթարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Նա, առանց ապացույցներ ներկայացնելու, պնդել է, որ Զելենսկին ցածր վարկանիշ ունի Ուկրաինայում, և պահանջել է նոր նախագահական ընտրություններ անցկացնել։
Հաջորդ օրն էլ ԱՄՆ նախագահը Truth Social համացանցում գրել է. «Առանց ընտրությունների բռնապետ Զելենսկին ավելի լավ է շտապի, այլապես իրեն երկիր չի մնա»։
Վլադիմիր Զելենսկին փետրվարի սկզբին մերժել էր հանքային ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը։ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է Ուկրաինայից ստանալ 500 միլիարդ դոլարի հազվագյուտ հողային մետաղներ՝ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի ցուցաբերած օգնության դիմաց։
Զելենսկին նախօրեին հրավիրած ասուլիսի ընթացքում բացատրել էր, որ ԱՄՆ-ը հասանելիություն է խնդրել Ուկրաինայի հազվագյուտ հողային մետաղների կեսը ստանալու համար, ինչի պատճառով էլ ինքը հրաժարվել է Վաշինգտոնի առաջարկից։
Նա բացատրել է, որ Ուկրաինային ԱՄՆ-ի տրամադրած օգնությունը կազմել է մոտ 67 միլիարդ դոլարի զենք եւ 31,5 միլիարդ դոլարի բյուջեի եկամուտ, ինչը չի համապատասխանում Ուկրաինային 500 միլիարդ դոլարի օգնություն տալու մասին Դոնալդ Թրամփի հայտարարություններին։
«Մենք, անշուշտ, շնորհակալ ենք այս բոլոր մարդասիրական ծրագրերի համար, բայց չի կարելի հաշվել 500 միլիարդ եւ վերադարձնել 500 միլիարդը օգտակար հանածոներով կամ այլ բաներով: Սա լուրջ խոսակցություն չէ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։