Իրանը շահագրգռված է բոլոր հարեւան պետությունների հետ հարաբերությունների զարգացմամբ, եւ Ադրբեջանը հատուկ տեղ է զբաղեցնում այդ քաղաքականության մեջ։ Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Բաքվում Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը։
Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ղալիբաֆը Իրանի լիակատար աջակցությունն է հայտնել 3+3 հարթակին եւ վստահություն հայտնել, որ այս ձեւաչափը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը, ինչպես նաեւ քաղաքական եւ տնտեսական համագործակցության զարգացմանը։
Նա նաեւ հավելել է, որ անընդունելի են տարածաշրջանի խնդիրների լուծման հարցում արտաքին ուժերի ներգրավման փորձերը։
Հաղորդագրության համաձայն՝ հատուկ անդրադարձ է կատարվել տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների կարեւորությանը։ Դրանում նշվում է, որ Գաֆարովան եւ Ղալիբաֆը ընդգծել են Հյուսիս-հարավ միջանցքի եւ Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ կապող ճանապարհի կարեւորությունը։