Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը փետրվարի 20-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է փոխանցել Գազայի հատվածում սպանված չորս իսրայելցի պատանդների աճյունները։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արդեն հայտարարել է, որ դիակները Կարմիր խաչը հանձնել են Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչներին։
ՀԱՄԱՍ-ը ավելի վաղ հայտարարել էր, որ վերադարձված աճյունների թվում են նաեւ Բիբաս ընտանիքի անդամների մարմինները։ Նրանցից ամենափոքրը՝ Քֆիր Բիբասը, 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ 9 ամսական էր, իսկ նրա եղբայրը՝ Արիելը, 4 տարեկան։
Հանձնվել է նաեւ Բիբաս եղբայրների մոր՝ Շիրիի եւ մեկ այլ չափահաս պատանդառվածի՝ Օդեդ Լիֆշիցի մարմինը։
Զոհված երեխաների հայրը՝ Յարդեն Բիբասը, ավելի վաղ ազատ էր արձակվել հրադադարի համաձայնագրի առաջին փուլի շրջանակում։ Նա կնոջից ու երեխաներից առանձին էր պահվել։
ՀԱՄԱՍ-ը դեռեւս 2023 թվականի նոյեմբերին հայտարարել էր, որ երեխաները եւ նրանց մայրը սպանվել են Գազայի հատվածի վրա իսրայելական ավիահարվածի հետեւանքով։ Դիակների հանձնման ժամանակ պաղեստինյան շարժման ներկայացուցիչները մեղադրել են Իսրայելին պատանդների մահվան պատճառ դառնալու համար։ Իսրայելի իշխանությունները մինչեւ վերջին օրը պաշտոնապես չէին հաստատում նրանց մահը։ Նրանց մահվան հանգամանքների մասին անկախ տեղեկություններ չկան։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փետրվարի 20-ը անվանել է երկրի համար ամենածանր օր։
Բիբաս ընտանիքի ճակատագիրը Իսրայելի հասարակության համար դարձել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման դաժանության խորհրդանիշերից մեկը։
Պատանդների մարմինները հանձնվել են հունվարի 19-ին ուժի մեջ մտած հրադադարի եւ պատանդների ազատ արձակման համաձայնագրի շրջանակում։ Դրան հաջողվել էր հասնել ԱՄՆ-ի, Եգիպտոսի եւ Կատարի միջոնորդական ջանքերի շնորհիվ։ Սպասվում է, որ ողջ մնացած մյուս վեց պատանդները ազատ կարձակվեն շաբաթ օրը՝ հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների դիմաց։