Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությանը։
Ադրբեջանի նախագահականի փոխանցմամբ՝ Ալիեւը հայտարարել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները։ Նշելով, որ այս դեպքում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը անընդունելի է՝ Ալիեւը կարեւորել է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի ձեւաչափը։
Նշվում է, որ Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաեւ առեւտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ եւ այլ ոլորտներում համագործակցության հարցերին։ Այս համատեքստում Ալիեւը կարեւորել է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը եւ հայտարարել, որ Բաքուն անհրաժեշտ աշխատանք է կատարել այդ միջանցքի ադրբեջանական հատվածով բեռնափոխադրումների հնարավորությունները մեծացնելու ուղղությամբ։
Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆն էլ հայտարարել է, որ Իրանը պաշտպանում է Բաքվի մոտեցումը այն հարցի վերաբերյալ, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները։ Բացի այդ՝ ընդգծելով միջազգային կազմակերպությունների շրջանակներում Ադրբեջանի եւ Իրանի միջեւ փոխադարձ աջակցությունն ու ակտիվ համագործակցությունը՝ Ղալիբաֆը կարեւորել է «3+3» ձեւաչափը։