Հայաստանը շրջափակված է։ Հայաստանի հարեւաններից երկուսը՝ Թուրքիան ու Ադրբեջանը, Հայաստանի նկատմամբ թշնամաբար են տրամադրված։ Ե՛վ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանը չեն ցանկանում բավարարվել այն հաջողությամբ, որ համատեղ ջանքերով արձանագրեցին 2020-ի հոկտեմբեր-նոյեմբերին։ Մեր պարտությամբ չեն բավարարվում։ Ավելին են ցանկանում տանել։ Գնալով նոր ու ավելի ծանր թելադրանքներ ենք լսում։ Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում, մեր երկրի տարածքով անցնող, մեր երկրի վերահսկողությունից դուրս միջանցք է ցանկանում, Թուրքիան մեզ մեր անցյալից ու մեր պատմությունից հրաժարվել է պարտադրում։ Որքան հետաձգվում են մեր ու նրանց միջեւ եղած խնդիրների լուծումները, այնքան ավելի է բացվում նրանց ախորժակը։
Ժամանակը մեր դեմ է աշխատում։ Այս կարեւոր հանգամանքը Հայաստանում չեն գիտակցել նախկինում ու չեն գիտակցում այժմ։ Չեն գիտակցել, որ օր առաջ հակառակության ու թշնամության վերջակետը չդնելը ոչ թե նրանց, այլ մեզ է վնասելու։ Ժամանակի գործոնը հաշվի չառնվեց 1998-ին, երբ կար Արցախի խնդիրը լուծելու եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու հնարավորություն։ Ժամանակի գործոնը հաշվի չառնվեց 2018-ից հետո, երբ նոր նպաստավոր պայմաններ առաջացան, հաշվի չառնվեց նաեւ 2020-ի նոյեմբերին արձանագրված պարտությանը հաջորդած շրջանում։
Հետպատերազմյան նոր իրողությունները Փաշինյանենք չհասկացան, չճանաչեցին պարտությունը, պարտությունից բխող քայլերին եղան անպատրաստ։ Ցավոտ, վճիռներ կայացնելուց վախեցան։ Ապրում էին դատարկ հույսով, թե կձգեն ու ցավոտ վճիռներից կխուսափեն։ Թե Պուտինը կօգնի, Մակրոնը կօգնի, թե հրաշք կլինի, ու վաղն ավելի լավ հնարավորություններ կունենան։ Բայց ունեցանք այն, ինչ ունենք այսօր՝ հայաթափված ու կորսված Արցախ, օկուպացված հայկական տարածքներ, շարունակվող շրջափակում։
Հայկական կողմը անընդհատ ձգել է ու կորցրել։ Զարմանալի է, բայց ոչ մի նոր կորուստ հաջորդ կորուստը բացառելու առիթ չի դարձել։
Պարտությունից ու ամբողջ ունեցածը կորցնելուց հետո Հայաստանին հաշտություն ու խաղաղություն պետք է ավելի քան երբեւէ։ Հակառակ դեպքում նոր կորուստներ ու նոր նահանջներ են լինելու։ Մեզ պետք է խաղաղ տարածաշրջան, որտեղ կարելի կլինի այս ծանր հարվածներից, որ ստացանք մեր սխալների պատճառով, ուշքի գալ, վերականգնվել ու գտնել մեր տեղը տարածաշրջանում ու աշխարհում։
Ադրբեջանը, բայց, ամեն ինչ անում է, որ հաշտության համաձայնագիրը որքան հնարավոր է հետաձգվի։ Այնտեղ գիտեն՝ ժամանակն իրենց օգտին է աշխատում։ Թուրքիան ու Ադրբեջանը մեզ ավելի թույլ ու ավելի ընկճված են ցանկանում տեսնել։ Մերժում են Հայաստանից հնչող առաջարկները։ Խոչընդոտ են հանդիսանում։ Իսկ Հայաստանը դիմադրելու ռեսուրս չունի։ Չունի Հայաստանը այն վարկն ու այն հնարավորությունները, որ ունեցել է 2020-ին նախորդող տարիների ընթացքում։
Փաշինյանն այսօր «Խաղաղության խաչմերուկ» է հայտարարել։ Ցավալի է, իհարկե, որ միայն ջախջախիչ պարտությունից հետո է հանգել այս մտքին։ Այն, ինչ հեշտորեն կարելի էր գլուխ բերել մինչեւ 2020-ի պատերազմն ու պարտությունը, դժվար է անել պարտությունից հետո։ Պարտությունը էապես սահմանափակել է Հայաստանի խոսքի ու գործի հնարավորությունը։
Մեր երկրի միակ ռեսուրսը, իհարկե, կամուրջ դառնալն է, բազմատեսակ ու բազմազան ճանապարհներն են, որ պետք է անցնեն մեր երկրի տարածքով։ Աշխարհին մատուցելու այլ ռեսուրս Հայաստանը չունի։ Աշխարհի ու հարեւանների համար Հայաստանը կարեւորություն ձեռք կբերի ճանապարհային հանգույց դառնալու պարագայում։ Այդ ճանապարհները, իհարկե, պետք է լինեն Հայաստանի սուվերենության ներքո ու կապեն Ադրբեջանը Նախիջեւանին ու Թուրքիային, Իրանը՝ Սեւ ծովին, էլ ավելի հեռու երկրները՝ իրար։
Նման բարդ իրավիճակում մեր երկիրը ներկայացնողը պետք է լիներ հեռատես ու շրջահայաց, ծանրակշիռ պետական գործչի հատկանիշներ պետք է ունենար, որպիսիք Փաշինյանը, ակնհայտ է, չունի։ Այս պատճառով էլ նա մարտահրավերներին դիմակայել չի կարողանում։ Անընդհատ նահանջում ու նահանջում է։ Իսկ նրա «խաղաղության խաչմերուկը» մնում է թղթի վրա։
Սրանից, բայց, չի հետեւում բոլորովին, թե մենք դատապարտված ենք։ Սրանից հետեւում է, որ Փաշինյանը սեփական իշխանության ամրապնդման ու երկարաձգման խնդիրն աչքի առաջ ունենալուց զատ պետք է գիտակցի նաեւ արտաքին ճակատում իր հնարավորությունների սահմանները։ Պետք է հասկանա, որ իր կարողությունները չեն ներում, ու հրաժարվի մտքից, թե առանց միջնորդների, միայնակ կարողանալու է դիմակայել Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշումներին։ Մեր երկիրը ճանապարհային հանգույց դարձնելու գործում պետք է ձգտի ստանալու միջազգային հարթակներում գործող ծանրակշիռ դերակատարների գործնական աջակցությունը։ Իսկ եթե հնարավոր լինի նրանց կրկին դարձնել հայ-ադրբեջանական զրույցին մասնակից, ապա շատ ավելի լավ։
Նման աջակցության դեպքում հնարավոր է, որ հաջողենք։

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։