Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուհան Մանուկյանը նամակ է գրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ կապված Երուսաղեմի քաղաքապետարանի կողմից Պատրիարքության գույքի բռնագրավման եւ պարտադրվող անտրամաբանական ահռելի պարտքի հետ։ Այդ մասին հայտնում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը։
Նամակում պատրիարքը Իսրայելի վարչապետին կոչ է անում միջամտել այս հարցին եւ դադարեցնել Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դեմ Երուսաղեմի քաղաքապետարանի ձեռնարկած գործողությունները եւ խնդրին լուծում տալու նպատակով վերսկսել իր նշանակած կառավարական հանձնախմբի հետ հանդիպումները։
Պատրիարքարանը ավելի վաղ հայտարարել էր, որ Երուսաղեմի քաղաքապետարանը 1994 թվականից կուտակված ահռելի հարկերի պատճառով դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով բռնագանձել հարյուրամյակներով Պատրիարքարանին պատկանող գույքը։ Պատրիարքությունը հակընդդեմ բողոք է ներկայացրել դատարան, որի մերժման դեպքում Երուսաղեմի քաղաքապետարանը կբռնագրավի պատրիարքարանին պատկանող անշարժ գույքը եւ աճուրդի կհանի դրանք՝ «դատական գործընթացներով երբեք չապացուցված եւ սովորույթներով երբեք չպարտադրված իբր վիճելի պարտքերը հավաքելու համար»։