Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիեւում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ։
Նախատեսված էր, որ հանդիպումից հետո Զելենսկին ու Քելլոգը մամուլի ասուլիս կանցկացնեն, սակայն այն չկայացավ։
«Ամերիկյան կողմի խնդրանքով հանդիպման ձևաչափը ներառում է արձանագրային նկարահանում եւ չի ներառում հայտարարություններ կամ հարցեր»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկֆորովը։
Սոցցանցերում Զելենսկին գրել է, որ «լավ» զրույց է ունեցել, եւ շնորհակալություն էր հայտնել Միացյալ Նահանգներին ուկրաինացի ժողովրդին աջակցելու համար, ինչպես նաեւ անձամբ Քելլոգին՝ «կարևոր արդյունքների հասնելու ուղղությամբ միասնական աշխատանքի համար»։
«Մենք մանրամասն քննարկել ենք մարտի դաշտում տիրող իրավիճակը եւ այն, թե ինչպես վերադարձնենք մեր բոլոր գերիներին։ Քննարկել ենք նաեւ անվտանգության գործնական երաշխիքները»,- գրել է Զելենսկին։
Քելլոգը Կիեւ է ժամանել փետրվարի 19-ին՝ Ալ-Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունների հաջորդ օրը։ Նա հայտարարել էր, որ ժամանել է Ուկրաինային «լսելու» համար, եւ որ ԱՄՆ-ը «պատրաստ է տրամադրելու այն, ինչ անհրաժեշտ է»։
Զելենսկիից առաջ Քելլոգը Կիեւում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ։ Ինչպես ավելի ուշ հայտարարել էր նախարարը, զրույցը վերաբերել է «համապարփակ, արդար և կայուն խաղաղության ուղիներին»։